Կարևոր իրադարձություններ

Սփյուռքի նախարարը հանդիպել է Բոստոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

06 Օգոստոս, 2018 17:41
Սփյուռքի նախարարը հանդիպել է Բոստոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

 ԱՄՆ կատարած այցի շրջանակներում սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Բոստոնի հայ համայնքի շուրջ երկու հարյուր  ներկայացուցիչների հետ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով ներկաներին՝ նախարար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել ջերմ, անկեղծ մթնոլորտի ու հյուրընկալության համար և նշել. «Ձեզանից ոմանք թավշյա հեղափոխությունից հետո հասցրել են լինել հայրենիքում, իսկ ովքեր չեն եղել, խորհուրդ եմ տալիս գալ և վայելել նոր Հայաստանը: Ավելի լավ ապագայի հույսով՝ մարդիկ արդեն սկսել են ժպտալ և հավատալ: Սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը ոչ միայն յուրաքանչյուր հայի, այլև  մարդկության հաղթանակն է: Եվ ես այս առթիվ մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեզ բոլորիս: Մենք ոչ միայն ունենք փառահեղ ապագա կերտելու պատմական հնարավորություն, այլև լավ, արժանապատիվ ներկա ունենալու մեծ նախադրյալներ: Հզոր Հայաստան, ուժեղ սփյուռք. ահա այն բանաձևը, որին մենք հավատում ենք, և վստահ ենք, որ միասնաբար պիտի գնանք առաջ»:  

Խոսելով առկա դժվարությունների և մարտահրավերների մասին՝ Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ այսօր սփյուռքի աջակցությունը, սատարումը հայրենիքում կատարվող փոփոխություններին շատ կարևոր են: «Առաջին անգամ պատմության մեջ մենք սփյուռքից փող չենք խնդրում: Մենք կարիք ունենք փոխադարձ  գործակցության, համահայկական ներուժի վերհանման և նպատակային կիրառման»,-շեշտել է նախարարը:

Այնուհետև մոտ երկուսուկես ժամ տևած հարցուպատասխանի ընթացքում Մխիթար Հայրապետյանը պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին Հայաստան-սփյուռք գործակցության նոր տեսլականին, հայրենադարձությանը, հայապահպանությանը, հայկական դպրոցների ներկայիս վիճակին, սփյուռքի մասնագիտական ներուժի համախմբմանը:

Նախարարը ներկայացրել է նախարարության ծրագրերը, անդրադարձ կատարել սփյուռքահայ երիտասարդների «ՆերՈւժ» startup ծրագրին, նշել է, որ ՀՀ կառավարման ոլորտում համահայկական մասնագիտական ներուժի ներգրավման անհրաժեշտությունից ելնելով՝ վարչապետի հանձնարարությամբ սփյուռքի նախարարությունը մյուս գերատեսչություններից տեղեկատվություն է հավաքագրում՝ համապատասխան ոլորտներում այս պահին պահանջվողմասնագետների վերաբերյալ, որը մոտ ժամանակներս կհրապարակվի:

Մխիթար Հայրապետյանը հատկապես կարևորել է Հայաստանում բժշկական և ֆինանսատնտեսական ոլորտի մասնագետների վերապատրաստման անհրաժեշտությունը, որտեղ ակնկալվում է սփյուռքահայ մասնագետների աջակցությունը:

Հարցեր են հնչել  նաև Հայաստանի ներդրումային նոր քաղաքականության վերաբերյալ: «Մենք արմատախիլ ենք անում կոռուպցիան, Հայաստանում այլևս չկա մենաշնորհ: Մեր հայրենիքը մոդեռն, զարգացած երկիր է, որտեղ դուք կարող եք ներդրումներ անել և գումար աշխատել: Սա շատ հստակ մեսիջ է, որ ցանկանում եմ ձեզ փոխանցել»,-նշել է  սփյուռքի նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին