Կարևոր իրադարձություններ

Վահրամաբերդ-Հովունի 6 կմ ճանապարհի հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից շուտ

06 Օգոստոս, 2018 15:39
Վահրամաբերդ-Հովունի 6 կմ ճանապարհի հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից շուտ

 Շիրակի մարզի Վահրամաբերդ և Հովունի համայնքներ տանող մարզային նշանակության 6 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ճանապարհը վերանորոգվում է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։ Նշված ավտոճանապարհը չէր վերանորոգվել ավելի քան 30 տարի։

Շինարարությունն իրականացնող «Մերձմոսկովյան» ԲԲ ընկերության ղեկավար Արամ Ադամյանը նշել է, որ ամեն ինչ անելու են, որպեսզի աշխատանքներն ավարտեն պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ՝ մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը, և աշակերտներն ու ուսուցիչները դպրոց գնան բարեկարգ ճանապարհով։ Այս գյուղական համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհների՝ մարտին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքները պայմանագրով նախատեսված է ավարտել 2018թ. դեկտեմբերին։

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը, Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի ղեկավար Լյուդմիլա Աղաբեկյանը և ճանապարհի նկատմամբ վերահսկողություն իրականացնող ՊՈԱԿ-ի առաջատար ինժեներ Ռուբեն Ավագյանն այցելել էին Հովունի և Վահրամաբերդ համայնքներ՝ ծանոթանալու ընթացող աշխատանքներին։

Պայմանագրի շրջանակներում շինարարը կատարել է ջրահեռացման համակարգի վերականգնման, բազալտե եզրաքարերի տեղադրման, ավազակոպճային ենթահիմքի տեղադրման աշխատանքներ։ Վահրամաբերդում տեղադրվել է 340 մ նոր կոյուղագիծ: Ճանապարհային պատվածքի վերականգնումից բացի, վերականգնվել և մաքրվել են ջրթող խողովակները, տեղադրվել են նոր վաքեր և մետաղական խողովակներ, կատարվել մայթերի, իջատեղերի, կողնակների, գյուղտեխնիկայի անցումների կառուցման աշխատանքներ։ Ասֆալտապատվել են Մ1-Հովունի 5 կմ հատվածը և դպրոց տանող մուտքերը։ Ընթացքի մեջ են ճանապարհային նշանների, արգելափակոցների տեղադրման աշխատանքները, կկատարվեն գծանշումներ։

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի նպատակն է գյուղական համայնքները կապել հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհների հետ, կենսական նշանակության ճանապարհները վերականգնելու միջոցով շուկաները և ծառայությունները հասանելի դարձնել գյուղական բնակչության համար։

 

Լրահոս

Դիտել ավելին