Կարևոր իրադարձություններ

Արագածոտնի Ավան համայնքի 90 ընտանիք կունենա որակյալ ջուր

06 Օգոստոս, 2018 15:01
Արագածոտնի Ավան համայնքի 90 ընտանիք կունենա որակյալ ջուր

Արագածոտնի մարզի Ավան համայնքի 90 ընտանիք այսուհետև կունենա որակյալ ջուր: Ինչպես  տեղեկացնում են Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնից, 280 տնտեսություն ունեցող համայնքում մոտ 60 տարի առաջ կառուցված ջրագիծն արդեն մաշվել և հնացել էր, և Ավանի ղեկավարությունը, հանդիպելով Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի ներկայացուցիչների հետ, առաջարկել էր վերակառուցել այն:

Համայնքի ղեկավարությունը, բարձրաձայնելով խնդրի մասին, նաև պատրաստակամություն էր հայտնել ջրագծի վերակառուցման գործում կատարել սեփական ներդրում: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում վերակառուցել է հին ջրագծի ջրամբարը, անցկացրեց նոր խողովակներ: Նախագծի իրականացման շնորհիվ գյուղի 90 ընտանիքի կեսնամակարդակը զգալիորեն կբարելավվի: Նոր ջրագծից եկող ջուրը ավանցիները կօգտագործեն անասնաբուծության, հողագործության և կենցաղային կարիքները հոգալու համար:

2017 թ. Ավան համայնքում հիմնվել է մթերման կայան, որը համայնքի բնակիչներից գյուղմթերքը գնում է Երևանի մանրածախ շուկայական գներով՝ հնարավորություն ընձեռելով մեծացնել եկամուտները: Մինչև ջրագծի վերանորոգումը նշված 90 ընտանիքները ջրի բացակայության պատճառով չէին կարողանում համագյուղացիների նման զարգացնել գյուղատնտեսությունը:

Նախնական գնահատականով, նախագծի շնորհիվ, այդ ընտանիքների եկամուտը կհասնի ամսական մինչև 500 հազար դրամի: «Նախագծի իրականացման շնորհիվ ջրով արդեն ապահովված կլինի համայնքի բնակիչների 80%-ից ավելին, ինչպես նաև կավելանա կենդանիների մթերատվությունը և այգիների բերքատվությունը»,-ասել է  Ավանի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ հին ջրագծից ջրի կարուստը հասնում էր մինչև 70%-ի:

Ընդհանուր առմամբ, 2013 թ. օգոստոսից մինչև 2018 թ. հուլիսի վերջը «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում իրականացվել է 40 ենթակառուցվածքային ծրագիր, ևս երկուսն ընթացքի մեջ է:

Ենթակառուցվածքների զարգացումը USAID/PRP ծրագրի բաղադրիչներից մեկն է: Մյուս բաղադրիչներն են տեղական տնտեսական զարգացումը և բնության պահպանումը: 

 

Լրահոս

Դիտել ավելին