Կարևոր իրադարձություններ

Գերմանական բիզնեսն ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով սկսել է հեռանալ Իրանից

06 Օգոստոս, 2018 14:15
Գերմանական բիզնեսն ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով սկսել է հեռանալ Իրանից

Գերմանիայի ընկերություններն աստիճանաբար կրճատում են մատակարարումներն Իրանին եւ այս շուկայից հեռանում են այդ երկրի դեմ ամերիկյան պատժամիջոցների վերսկսման պատճառով: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի Առեւտրաարդյունաբերական պալատների դաշնային միավորման (DIHK) փորձագետ Ֆոլքեր Թրայերը WAZ թերթին տված հարցազրույցում:

DIHK-ի տվյալներով՝ Գերմանիայից Իրան արտահանումը 2018 թվականի հունվար-մայիսին կրճատվել է 4 տոկոսով այն դեպքում, երբ 2017 թվականին ընդհանուր առմամբ դիտվել է 16 տոկոսի աճ, հաղորդում է Deutsche Welle-ն: Բացասական միտումը պահպանվում է նաեւ ներկայում, հայտնել է փորձագետ Ֆ.Թրայերը:

«Վերջին տարիներին գերմանական շուրջ 120 ընկերություններ Իրանում նույնիսկ սեփական ներկայացուցչություններ էին բացել, իսկ այժմ շատերն այնտեղից հեռանում են»,-ասել է DIHK-ի ներկայացուցիչը:

«Նույնիսկ այն ֆիրմաները, որոնք ուղղակիորեն չեն տուժել ԱՄՆ-ի պատժամիջոցներից, օրինակ՝ բժշկական սպասարկման ոլորտում աշխատողները, կամ բիզնես չեն վարում Միացյալ Նահանգների տարածքում, ներկայում չեն կարող բանկ գտնել, որը կապահովեր Իրանում գործարքների կատարումը»,-նշել է Թրայերը:

Նրա խոսքով՝ եթե առաջիկայում լուծում չգտնվի, կարելի է սպասել, որ գերմանական ընկերությունները լիովին կդադարեցնեն արտահանումը Իրան եւ վերջնականապես կհեռանան այս երկրից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
 

Լրահոս

Դիտել ավելին