Կարևոր իրադարձություններ

2008 թ-ի մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը ապօրինի է եղել. Սասուն Խաչատրյան

05 Օգոստոս, 2018 22:01
2008 թ-ի մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը ապօրինի է եղել. Սասուն Խաչատրյան

Նախաքննության շահերից ելնելով թույլ տվեք այդ հարցին չպատասխանել: «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման ժամանակ ասել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ ի պատասխան հարցին, թե պաշտպանության նախկին նախարար, 2008 թ-ին ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնն զբաղեցրած Սեյրան Օհանյանը «Մարտի 1»-ի գործով ներգրավվելու է որպես վկա, թե ոչ: 

Սասուն Խաչատրյանն ընդգծել է նաև, որ մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը ապօրինի է եղել. «Արտակարգ դրության իրավական ռեժիմ կարող էր սահմանվել միայն օրենքով, իսկ այն ժամանակ արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենք գոյություն չի ունեցել»: 

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմն այս մասին ասել է, որ ըստ օրենքի՝ նախագահն իրավունք է ունեցել իրականացնել համապատասխան միջոցառումներ ու ուղերձով դիմել ժողովրդին:

 

Իսկ ըստ ՀՔԾ պետի՝ այս միջոցառումները պիտի իրականացվեին մինչև այն սահմանները, երբ մարդկանց հիմնարար իրավունքները չեն ոտնահարվում, իսկ այս դեպքում նման խախտումներ թույլ են տրվել: 

«2-րդ ասպեկտը կա նաև, թե ինչու է ապօրինի այդ հրամանագիրը. այդ ռեժիմի ապահովումը բացի ոստիկանությունից հանձնարարվել է նաև Պաշտպանության նախարարությանը: 0038 հրամանից հետո նաև մենք գործ ենք ունենում փաստացի ռազմական դրության հետ: Եթե կհիշեք՝ մարտի 1-ին՝ արդեն երեկոյան ուշ, ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը հանդես եկավ կոչով, որում փաստացի սպառնաց քաղաքացիներին, որ եթե դուք դուրս գաք, հավաքվեք՝ իրավական ռեժիմի հետ կապված արգելված գործողություններ անեք, ապա բանակը կպատժի: Ես հիմա բառացի չեմ հիշում, բայց սա էր փաստացի, որ այդ գործողությունները հանձնարարվել են բանակին»,-հավելել է ՀՔԾ պետը: 

Ինչ վերաբերում է Հայաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքին, մասնավորապես ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարությանը, թե «Վիկիլիքսի» հրապարակումներն արդյոք բավարար հիմք են մեղադրանք առաջադրելու համար, ապա Սասուն Խաչատրյանը պարզաբանել է. 

«Քրեական գործ հաղորդելու առիթներից մեկն էլ լրատվամիջոցների հրապարակումներն են, որոնք ստուգվում են, ձեռք են բերվում քրեական դատավարության օրենսգրքում թվարկված ապացույցների տեսակները: Այո, «Վիկիլիքսի» հրապարակումն ինքն իրենով ապացույց չի կարող դիտվել, այդ հրապարակման հիման վրա հարուցվել է քրեական գործ, ձեռք են բերվել ապացույցներ, դրանց բավարար համակցության հիման վրա մեղադրանք է առաջադրվել Արմեն Գևորգյանին»:

 

Լրահոս

Դիտել ավելին