Կարևոր իրադարձություններ

Արարատում «ԲՄՎ»-ի 22-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 9 տարեկան տղային

05 Օգոստոս, 2018 10:40
Արարատում «ԲՄՎ»-ի 22-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 9 տարեկան տղային

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Հարություն Պետրոսյանի նախագահությամբ ավարտվել է Նարեկ Դ.-ի գործի դատական քննությունը:

22-ամյա Նարեկ Դ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով՝ 9-ամյա տղային վրաերթի ենթարկելու, նրա առողջությանը անզգուշությամբ ծանր վնաս հասցնելու համար:

Ըստ դատական ակտի՝ 2017 թվականի նոյեմբերի 10-ին, ժամը 12-ն անց 20-ի սահմաններում Նարեկ Դ.-ն իր «ԲՄՎ» մեքենայով Արարատ քաղաքի Խանջյան փողոցով ընթանալով 30 կմ/ժ արագությամբ, թույլ է տվել ՃԵԿ պահանջներին հակասող գործողություններ՝ 25-30 մետր հեռավորությունից նկատելով իր ընթացքի ուղղությամբ ճանապարհի ձախ կողմում գտնվող պատճենահանման կետից քայլելով մայթեզրին մոտեցող անչափահաս հետիոտն՝ 2008 թվականի հունիսին ծնված 9-ամյա Վահե Ա.-ին, իր երթևեկության համար վտանգն առաջանալու պահից սկսած՝ ժամանակին միջոցներ չի ձեռնարկել՝ մեքենայի ընթացքը դանդաղեցնելու կամ մեքենան կանգնեցնելու համար այն հաշվով, որ անչափահաս հետիոտնը դուրս գա վտանգավոր գոտուց:

Հակառակը, ըստ դատական ակտի՝ Նարեկ Դ.-ն այդ պահին ուշադրությունը շեղելով երթևեկությունից՝ 3-4 վայրկյան զբաղվել է բջջային հեռախոսով, որի արդյունքում իր վարած մեքենայի կողային հայելու մասով հարվածել և վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնին՝ նրա առողջությանը՝ ձախ սրունքի զույգ ոսկրերի բաց, տեղաշարժով կոտրվածքների, ձախ ոտանաթաթի փափուկ հյուսվածքների սալջարդի, ձախ ակնակապիճային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, ձախ ակնագնդի սկլերայի արյունազեղման ձևով անզգուշությամբ պատճառել է ծանր վնաս:

Նարեկ Դ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է:

Դատարանը հաշվի է առել, որ տուժողի օրինական ներկայացուցիչը ամբաստանյալի նկատմամբ բողոք, պահանջ առաջ չի քաշել:

Դատարանը Նարեկ Դ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով, դատապարտել է տուգանքի՝ 150 հազար դրամի չափով՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով 1 տարի ժամկետով:

 

Լրահոս

Դիտել ավելին