Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    552
    560

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

«Չի հանդուրժվելու ընտրական կեղծարարության որևէ դրսևորում». Վալերի Օսիպյան

04 Օգոստոս, 2018 19:30
«Չի հանդուրժվելու ընտրական կեղծարարության որևէ դրսևորում». Վալերի Օսիպյան

Օգոստոսի 3-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը մարզային հանդիպումների ծրագրով այցելեց Տավուշի մարզ, աշխատանքային հանդիպում ունեցավ ոստիկանության մարզային վարչության անձնակազմի հետ:

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացրած խորհրդակցության ընթացքում Վալերիյ Օսիպյանը անդրադարձավ 2018 թվականի առաջին կիսամյակում արձանագրված ցուցանիշներին։

Առանձնացնելով որոշ հանցատեսակների բացահայտումների նվազումը՝ ոստիկանության պետը բավարար գնահատեց մարզի ոստիկանության աշխատանքը՝ հաշվի առնելով, որ կիսամյակի զգալի մասում ոստիկանությունն ներգրավված է եղել քաղաքական միջոցառումներում և հասարակական կարգի ապահովման գործառույթների կատարմանը, բայց միևնույն ժամանակ ընդգծեց, որ նման ցուցանիշները տարվա 3-րդ եռամսյակում անընդունելի են։

Շեշտելով ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի անձնական պատասխանատվությունն ու դերը ոստիկանությունում ընթացող բարեփոխումների գործում՝ Վալերիյ Օսիպյանն ընդգծեց ոստիկանության հանդեպ հասարակության վստահության և հարգանքի նշանակությունը: Հատկապես կարևորեց համայնքային ոստիկանության ծառյության դերը հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, փոխադարձ վստահության դաշտի ձևավորման, հանցագործությունների կանխարգելման և ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ՝ դրանց բացահայտման գործում:

Ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցներին կոնկրետ հանձնարարականներ տվեց հատկապես ուշադրությունը կենտրոնացնել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը, ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերմանը, թմրամիջոցների անօրինական շրջանառության և բնակարանային գողությունների արագ բացահայտմանը։

Վալերիյ Օսիպյանը անդրադառնալով վերջին օրերին ոստիկանության կողմից բացահայտված 28 տարվա վաղեմության սպանության դեպքին՝ հատուկ ցուցում տվեց ուշադրության կենտրոնում պահել նախկինում կատարված հանցագործությունները, անկախ դրանց վաղեմությունից:

Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետի հրամանով Տավուշի մարզի մի խումբ ոստիկաններ պարգևատրվեցին ոստիկանության հերթական կոչումներով, պատվոգրերով, մեդալներով, կրծքանշաններով և հուշանվերներով։

Հաջորդ հանդիպումը Գավառ քաղաքում էր՝ Գեղարքունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների աշխատակիցների հետ։

Խորհրդակցության սկզբում Վալերիյ Օսիպյանը նախ անդրադարձավ տարվա առաջին կիսամյակում արձանագրված առավել մտահոգիչ ցուցանիշներին։ Պահանջեց հատուկ ուշադրություն դարձնել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը։ Ոստիկանության պետը խստագույնս պահանջեց բացառել հանցագործության դեպքեր թաքցնելու և չգրանցելու արատավոր երևույթը։

Ոստիկանության պետն ընդգծեց, որ ոստիկանությունն այլևս ազատվել է կոռուպցիոն մեքենայություններից և յուրաքանչյուր ոստիկանի առաջխաղացման ու խրախուսման գնահատականը լինելու է սրտացավ և նվիրյալ աշխատանքը։ Կադրային սերնդափոխություն ապահովելու նպատակով մարզային վարչության ղեկավարներին հանձնարարվեց կրտսեր խմբերի ծառայողներին, որոնք ունեն համապատասխան կրթություն և մասնագիտական որակներ, ներկայացնել սպայական կոչումներ ստանալու, միջին խմբի պաշտոններ զբաղեցնելու համար։

Վալերիյ Օսիպյանի հրամանով խրախուսվեցին նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության մի խումբ ծառայողներ։

Աշխատանքային հաջորդ խորհրդակցությունը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների հետ էր։ Վալերիյ Օսիպյանը մարզի ոստիկաններից պահանջեց տարվա երրորդ եռամսյակի արդյունքներում ցուցանիշների բարելավում՝ հատուկ ուշադրություն դարձնելով ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների, նախկինում կատարված և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտմանը։

Ոստիկանության պետը անդրադառնալով առաջիկայում սպասվող համապետական ընտրությունների կազմակերպման գործում ոստիկանության անմիջական մասնակցությանը, հստակ և վճռական դիրքորոշում հայտնեց, որ չի հանդուրժելու ընտրական կեղծարարության որևէ դրսևորում։ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության ծառայողներից պահանջեց զգոնություն նմանօրինակ դրսևորումների չեզոքացման նպատակով և ընդգծեց, որ այս հարցում անգործություն ցուցաբերած ոստիկանության ծառայողները պատժվելու են խստագույնս։

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության մի խումբ ծառայողներ խրախուսվեցին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին