Կարևոր իրադարձություններ

Հանդիպակաց են երթևեկում, գծերին չեն նայում. դրականի փոխարեն քաղեցինք բացասականը. «Փաստ»

04 Օգոստոս, 2018 09:15
Հանդիպակաց են երթևեկում, գծերին չեն նայում. դրականի փոխարեն քաղեցինք բացասականը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ոստիկանական մեքենաները քչացել են, երթևեկության վերաբերյալ բողոքները` հակառակը: «Վարորդի ընկեր» ԻՀԿ նախագահ Տիգրան Քեյանը նկատում է` գաղտնիք չէ, բոլորս էլ երթևեկում ենք և տեսնում, որ ՃՈ մեքենաները բավականին քչացել են, շրջիկ ծառայություններ գրեթե չեն իրականացնում: «Այդուհանդերձ, վերջին մի քանի օրերի ընթացքում` ոստիկանապետի հետ վերջին հանդիպումից հետո, կարծես, մի փոքր շատացել են: Քաղաքացիների կողմից բողոքները շատ են այն մասով, որ երթևեկությունը բարձիթողի վիճակում է: Շատ վարորդներ փորձում են օգտվել առիթից, բայց հետզհետե երթևեկության վերականգնման միտումներ կան: Եթե ոստիկանությունը ավելի շատ հսկողություն իրականացնի, շատ շուտով մի քիչ ավելի կարգապահ կլինի երթևեկությունը: Քաղաքացիները հիմնականում բողոքում են, որ ոչ ոք օրենքին համապատասխան չի երթևեկում, խախտումները շատ են: Օրինակ` հանդիպակաց են երթևեկում, գծերին չեն նայում, չթույլատրված վայրերում են շրջադարձ, հետադարձ և կանգառ կատարում: Այսինքն` կարգազանց վարորդները փորձել են օգտվել այն առիթից, որ ոստիկանները ավելի մեղմ են գտնվել, հաճախ պատժիչ միջոցներ չեն կիրառվել ու սահմանափակվել են զուտ նախազգու շացումներով»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Տ. Քեյանը: 

 

Խնդիրը, որ մի կողմից կան մեղմացումներ, բայց մյուս կողմից էլ` կարգազանց վարորդներ, Տիգրան Քեյանի խոսքով` երկկողմանի է: 

«Մի կողմից քաղաքացիների իրավունքներ և պարտականություններ, մյուս կողմից` ոստիկանության: Երկուսն էլ պետք է հետևեն իրենց առջև դրված խնդիրներին: Այսինքն` քաղաքացիները պետք է երթևեկեն օրենքին ու կանոններին համապատասխան: Պետք է փորձեն ուղղվել. պետք է մոռանան` ինչ եղել է նախկինում և ինչպես են երթևեկել այն ժամանակ: Պետք է մոռանան, որովհետև այսօր կառավարության կողմից մեծ քայլ է արվել նաև համաներման տեսքով: Այդուհանդերձ` դա չէր նշանակում, որ պետք է օգտվեք առիթից և փորձեք ավելի կարգազանց լինել: Իսկ ՃՈ–ն և, ընդհանրապես, պետությունը պետք է հետևողական լինի: ՃՈ–ն վերջերս մի շարք խախտումների դեպքում բարի կամքի դրսևորում էր ցուցաբերում, փորձում էր չտուգանել, բայց մեր քաղաքացիները դրականը քաղելու փոխարեն բացասականը քաղեցին: Այդ պատճառով ոստիկանը պետք է միշտ հսկողության տակ պահի քաղաքացուն, կանխարգելման միջոցառումներ իրականացնի: Իսկ քաղաքացին պետք է փորձի իր երկրում ստեղծել անվտանգ վիճակներ, պահպանել կանոնները: Եթե այդ փոխըմբռնումը չլինի, մեր քաղաքացիներն ավելի կարգազանց կդառնան, իսկ ոստիկանությունը, անկախ կառավարության փոփոխությունից, երթևեկությունը կարգավորելու և քաղաքացիներին վերահսկելու համար ստիպված պետք է անցնի ավելի խիստ գործողությունների»,–ասաց նա` ընդգծելով, որ կոպիտ խախտումներ թույլ տված տվյալ վարորդների հանդեպ չպետք է ներողամիտ լինել:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ փողոցներում քիչ ՃՈ ոստիկանական մեքենաներ և ՃՈ ոստիկաններ ենք նկատում, Տիգրան Քեյանը նշեց, որ այստեղ նախ ծախսերի խնդիր կա. «Եթե նախկինում ոստիկանն իր ծախսերը որոշակի կոռուպցիոն դրսևորումներով էր հոգում, ապա հիմա այդ դրսևորումներն իսպառ բացակայում են, և պետությունը պետք է հոգա այդ ծախսերի մասին: Այսինքն` պետք է սոցիալական հարց բարձրացվի թե՛ ՃՈ աշխատակացի աշխատավարձի և թե՛ նրան տրամադրվելիք վառելիքի հարցով: Սա էլ է այն պատճառներից մեկը, որ ոստիկանների թվի նվազում է դիտվել: Բայց նշեմ մի դրական միտման մասին. այն խաչմերուկներում, որտեղ աշխատանքային ժամերի ավարտին խցանումներ էին լինում, հիմա ամեն օր հերթապահություն է իրականացվում: Երթևեկությունը կարգավորում են, որ խցանումներ չլինեն: Այս փոփոխությունը եղել է հեղափոխությունից հետո, մինչ այդ մենք նման իրավիճակների ականատես չենք եղել»:

 

Խոսելով «Վարորդի ընկեր» ԻՀԿ–ի առաջարկների շուրջ, որոնք պետք է ներկայացվեին կառավարությանը, մեր զրուցակիցը ասաց. «Մենք ներգրավվել ենք ոստիկանությանը կից ստեղծված հանրային խորհրդի կազմում: Եթե չեմ սխալվում` օրերս պետք է լինի: Բոլոր առաջարկներն ու քննարկումները հենց այդ խորհրդի կազմում կներկայացվեն: Մինչ օրս ակտիվ քննարկումներ ենք ունենում: Վերջին հանդիպումը կապված էր քննման և հաշվառման վայրում տիրող իրավիճակի հետ, որտեղ կան մեծ հերթեր, և մարդկանց հոսքը շատ է: Պատրաստվում ենք առաջարկել, որ Երևանում ևս մեկ քննման և հաշվառման վայր բացվի, որը կթեթևացնի իրավիճակը: Բացի այդ` առաջարկել ենք, որ մեքենաների առք ու վաճառքի գործառույթ իրականացվի նաև մեքենաների վաճառքի շուկայում: Էրեբունիում մեծ շուկա կա: Հիմա այդ հարցի շուրջ բանակցություններ են տեղի ունենում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին