Կարևոր իրադարձություններ

Դեռ մրցավազքը չսկսած՝ արդեն իրար վրա ցեխ են շպրտում. «Փաստ»

04 Օգոստոս, 2018 09:00
Դեռ մրցավազքը չսկսած՝ արդեն իրար վրա ցեխ են շպրտում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռ ամբողջական պատկեր չկա, թե որ կուսակցություններն են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու, բայց քաղաքական գզվռտոցն արդեն հասել է իր գագաթնակետին: 

 

Մի մասը մյուսին մեղադրում է մարդ–կուսակցություն լինելու մեջ, մյուսները համաձայն չեն իրենց կուսակցության դիրքորոշման ու որոշման հետ համաձայն չլինողների հետ, մի մասն էլ որոշել է քաշվել մի անկյուն ու կողքից հաշվել, թե ով ում կոկորդից է բռնելու:

Իրականում բոլորն էլ մոռանում են, որ հին ժամանակներից մինչև մեր օրերը «նավթալինած» քաղաքական դեմքերը դժվար թե նորից պահանջված լինեն: Մի մասն էլ հավանաբար մտածում է, որ իրենց մի ձեռքի վրա հաշվելիք նեղ շրջանակներում նրանց մասին առանձնակի պաթետիկ ճառերով կենացներ հնչեցնելը բավական է հասարակությանը ծառայություն առաջարկելու համար, քանի որ, իրականում, չեն կարող իրենց թույլ տալ Երևանի քաղաքապետ դառնալու գայթակղության կողքով անտարբեր անցնել: 

Իսկ հասարակությունը բավականին լավ հիշողություն ունի: Եվ ավելի լավ կլինի, որ կուսակցությունները ոչ թե ընտրությունից ընտրություն ակտիվանան, այլ ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում, որպեսզի ընտրության ժամանակ կարողանան ցույց տալ, թե որ արատավոր երևույթի դեմ ինչպես է պայքարել և ուր հասել: Իսկ այդ «ընհդմիջումներին»՝ քար լռություն, ծածուկ ու ապահով բնում քողարկված՝ իրենց աստեղային ժամին սպասելիս: Իսկ աստեղային ժամի համար հիմա շատ պատեհ պահ է՝ միանգամից երկու ընտրություն: Ու մի «ժիգուլու» ուղևորի չափ կուսակցական ունեցողները սկսել են ձեռքները շփել՝ այդ ճանապարհին չխորշելով ոչնչի ու ոչ մի միջոցի առջև՝ հայհոյանք, հակափիառ, ցեխշպրտոցի ու ամենակարևորը՝ նարցիսիզմ: 

Ինքնուրույն ոչինչ չստացվի (ինչպես միշտ), ուժեղ մեկի մոտ խցկվելը կա ու կա: Ու կարևոր չէ, որ երեկ հայհոյել ես նրան, ցուցակում տեղ լինի, նկարի առջև մոմ էլ կվառես:

Բայց, հիմա չկան այլևս այն միամիտները, որոնք փողկապի հավաքածուով, կոստյումի գույնով կամ ժամացույցի մակնիշով էին ընտրություն անում: Մարդիկ հոգնել են ճառերից էլ, խոստումներից էլ, մայրաքաղաքում կուտակված խնդիրներից էլ, քանդվող պատշգամբների վտանգից էլ, բյուջեի սղությունից էլ: 

 

Մարդիկ առաջին հերթին ուզում են, որ իրենց հարազատ քաղաքում, երկրում ոչ թե ժամանակավոր անցորդի կամ կենվորի հոգեբանությամբ ապրեն, այլ՝ տիրոջ, և համոզվեն, որ ՏԻՄ ղեկավարը ոչ թե եկել է, որ մեկանգամյա օգտագործման «ծաղիկներով» քաղաքը զարդարի, այլ՝ մարդկանց ծառայի: Այդ դեպքում, համաձայնեք, որ ինքնամեծարման մանիայով տառապող մարդ–կուսակցություններից շատ–շատերը ոչ միայն կիլոմետրով հեռու կփախչեն տեղական հոգսերն ու խնդիրներ ամենօրյա, 24–ժամյա ռեժիմով լուծելու բեռի ծանրությունից, այլև ինքնաբացարկ կհայտնեն ցանկացած այլ ձևաչափով ընտրությունների մասնակցելու առաջարկից: 

Կարճ ասած՝ քաղաքականությունը լուրջ բիզնեսն է, բայց հավատացեք, որ այդ դաշտում էլ է թարմ արյուն ներարկել հարկավոր: Հակառակ դեպքում ներքաղաքական հարաբերություններից կսկսի նույն այն գարշահոտը փչել, ինչ որ այսօր շատ բազմաբնակարան շենքերի աղբատարներից է փչում: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին