Կարևոր իրադարձություններ

Մարտի 1-ի 0038 հրամանը ստորագրվել է փետրվարի 23-ին. ՀՔԾ պետը մանրամասներ է հայտնել

03 Օգոստոս, 2018 23:30
Մարտի 1-ի 0038 հրամանը ստորագրվել է փետրվարի 23-ին. ՀՔԾ պետը մանրամասներ է հայտնել

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ. հարցազրույց» հաղորդմանը անդրադարձել է 0038 հրամանին, որով 2018 թվականի մարտի 1-ին արտակարգ դրություն է մտցվել Հայաստանում:

Նա նշեց, որ պաշտպանական կողմից ասվել է, որ եթե փաստաթղթի ձևը պահպանվել է, ստացվում է, որ դրա բովանդակությունը կարևոր չէ, սակայն դա նույնն է, եթե հրամանագիր ընդունվեր ու որոշվեր, որ 15 անձի պետք է կախաղան հանեն, սակայն հրամանագրի ձևը պահպանվեր:

Սասուն Խաչատրյանի խոսքով՝ օրենքով հստակ սահմանվում է, թե ինչ է նշանակում սահմանադրական կարգ տապալել, դա այն է, երբ դադարում են գործել Սահմանադրության 1-5-րդ և 6-րդ հոդվածի 1-ին մասի նորմերը։

Ապա ՀՔԾ պետը նշել է, որ հույժ գաղտնի թիվ 0038 հրամանը, պաշտոնական տվյալներով քրեական գործում չի եղել, չնայած որ այս հրամանի մասին խոսվել է: «Պատահական չի, որ այս հրամանը չի եղել այս գործում, սա ինքնին լուրջ հիմք է, այն խոսում է այն մասին, որ զինված ուժերը ներգրավված են եղել «Մարտի 1»-ի գործում, ընդ որում դրանք ներգրավվել են ոչ թե հենց մարտի 1-ին»,-հավելել է նա, ապա նշել, որ այդ հրամանով, պաշտպանական կողմի խոսքով, զորքը բերվել է պատրաստի վիճակի:

«Ինձ համար անհասկանալի է, որ պաշտպանական կողմն, ունենալով այս նույն հրամանը, այդպիսի հայտարարություններ է անում, թե զորքը մնալու էր զորանոցում»,-ասել է նա:

Ըստ ՀՔԾ պետի՝ այդ հրամանի 3-րդ կետով հրամայվել է ՀՀ ՊՆ ԶՈւ վարչությունների պետերին ու բանակային կորպուսների հրամանատարներին ստեղծել բարձր շարժունակության բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ, ըստ դասակների կազմակերպել, զինել հրաձգային զենքով:

«Իսկ 10-րդ կետով նախատեսված է, որ այս ստորաբաժանումները պետք է համալրվեն առավելապես պատրաստված, հոգեպես կայուն ենթասպաներով ու զինծառայողներով: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ կազմավորել են հատուկ խմբեր, որոնք ինչ-որ դիվերսիոն գործողություններ պետք է կազմակերպեին «թշնամու» թիկունքում»,-նշել է նա:

Դիտարկմանը, թե սա չի փաստում, որ որևէ գործողություն եղել է ՊՆ զենքերով, ինչի մասին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է հայտարարել, Սասուն Խաչատրյանն արձագանքել է, որ Ռ. Քոչարյանը չէր կարող իմանալ՝ արդյոք զենքերն օգտագործվել են, թե ոչ: «1700-ից ավել պարկուճ է առգրավվել, իդենտիֆիկացվել է 1400-ը, 300-ը չի իդենտիֆիկացվել: Հույս ունեմ, որ կկարողանանք գտնել սպանությունները կատարած անձանց»,-ասել է նա՝ խոստանալով նոր բացահայտումներ:

 

Լրահոս

Դիտել ավելին