Կարևոր իրադարձություններ

Ճապոնիայի իշխանություններն անընդունելի են համարում աղջիկ դիմորդների միավորների իջեցումը

03 Օգոստոս, 2018 23:30
Ճապոնիայի իշխանություններն անընդունելի են համարում աղջիկ դիմորդների միավորների իջեցումը

Ճապոնիայի իշխանությունները քննադատել են Տոկիոյի բժշկական համալսարանը, որը, ինչպես հաղորդել է The Yomiuri Shimbun թերթը, մի քանի տարի շարունակ իջեցրել է աղջիկների միավորները ընդունելության քննությունների ժամանակ, որպեսզի արական սեռի ավելի շատ ուսանողներ ընդունի: Մասնավորապես, երկրի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Յոսիմասա Խայասին նմանօրինակ պրակտիկան համարել է անընդունելի։

 

«Դա անընդունելի է, եթե իրոք անարդար խտրականություն է եղել աղջիկների նկատմամբ: Մենք արդեն դիմել ենք համալսարանին՝ պահանջելով հաշվետվություն ներկայացնել ընդունելության գործընթացի վերբերյալ: Հետագա արձագանքը կհետեւի, երբ մենք այն կստանանք»,-ասել է նա Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում: Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարար Կացունոբու Կատոն իր հերթին հայտարարել էկանանց տղամարդկանց հետ հավասար կարիերային հնարավորություններ ապահովելու եւ աշխատանքի այնպիսի պայմաններ ստեղծելու անհրաժեշտության մասին, որոնց դեպքում կանայք կարողանան հեշտությամբ գնալ դեկրետ՝ առանց հեռացման ռիստի:

The Yomiuri Shimbun-ի տվյալներով՝ նման պրակտիկան Տոկիոյի բժշկական համալսարանի ֆակուլտետներից առնվազն մեկում կիրառվել է մոտավորապես 2011 թվականից:

 

Մի քանի տարի այստեղ ընդունվող աղջիկների գնահատականներն իջեցրել են միանգամից 10 տոկոսով: Արդյունքում՝ վերջին տարիներին այս ֆակուլտետում աղջիկները կազմում էին սովորողների մեկ երրորդից ոչ ավելին: Ընդ որում՝ իրադրությունը սրվել է 2018 թվականին, երբ պարզվել է, որ գարնանն ընդունվածների թվում 140-ն արական սեռի ներկայացուցիչներ են եւ ընդամենը 30-ը՝ աղջիկ:

Համալսարանի՝ անունը չնշած ներկայացուցիչը NHK հեռուստաալիքի թղթակցի հետ ունեցած զրույցի ժամանակ նշել է, որ բուհի նման քաղաքականությունը կապված Է այն բանի հետ, որ կանայք հաճախ են բժշկի կարիերան ընդհատում այն պատճառով, որ ամուսնանում են եւ երեխաներ ունենում:

Արդյունքում՝ համալսարանական խոշոր հիվանդանոցը, որը գտնվում է Սինձյուկույի շրջանում, կարող է կադրերի անսպասելի պակաս ունենալ, ինչը հնարավոր չի լինի լրացնել: Բացի այդ, փորձագետների կարծիքով, ընդունելության քննությունների հետ կապված նման իրադրությունն առկա է նաեւ Ճապոնիայի մյուս բժշկական բուհերում: Դրանք ղեկավարվում են նույն այն պատճառներով, որպիսիք Տոկիոյում են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին