Կարևոր իրադարձություններ

Սպառման ծավալների աճն էլեկտրամատակարարման բաշխիչ ցանցում հանգեցրել է ընդհանուր վթարայնության 30-35 % աճի. ՀԷՑ

03 Օգոստոս, 2018 20:22
Սպառման ծավալների աճն էլեկտրամատակարարման բաշխիչ ցանցում հանգեցրել է ընդհանուր վթարայնության 30-35 % աճի. ՀԷՑ

Սույն թվականի հուլիսին գրանցված եղանակային աննախադեպ շոգ պայմանների հետևանքով նախորդ տարիների համեմատությամբ կտրուկ ավելացել են էլեկտրաէներգիայի սպառման ծավալները՝ նախորդ տարվա՝ ժամում 700 ՄգՎտ-ի փոխարեն կազմելով շուրջ 1000 ՄգՎտ: Սպառման ծավալների աճն էլեկտրամատակարարման բաշխիչ ցանցում հանգեցրել է ընդհանուր վթարայնության 30-35 % աճի:

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀԷՑ տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժնից, վթարները հիմնականում ազդել են Երևանի «Արաբկիր» և «Կենտրոն» վարչական շրջանների էլեկտրամատակարարման ռեժիմների վրա, քանի որ վերջիններիս մալուխային տնտեսությունն առավել մաշված է, տարածքը՝ խիտ բնակեցված: 

Օգոստոսի 3-ի դրությամբ վթարների վերացման աշխատանքներին ներգրավված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տեխնիկական ողջ անձնակազմը՝ վերանորոգող 10 բրիգադով և մալուխային էլեկտրալաբորատորիայով:

 
 

Աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա ռեժիմով:

Նշենք նաև, որ, էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների համաձայն, էլեկտրամատակարարման արտապլանային ընդհատումը վերականգնելու սահմանված ժամկետը խախտելու դեպքում ՀԷՑ-ն իր բաժանորդներին պարտավորվում է վճարել համապատասխան տուգանք:

Նմանատիպ իրավիճակներից խուսափելու նպատակին են ուղղված ընկերության՝ 900 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ նեդրումային հաստատված ծրագրերը, որոնք աննախադեպ են իրենց ծավալներով և կիրականացվեն մինչև 2028 թ.-ը: Ծրագրի գերակա նպատակն ընկերության հիմնական՝ բաշխման գործառույթի որակական բարելավումն է: Սա ներառում է ինչպես հոսանքազրկումների քանակի, այնպես էլ մեկ հոսանքազրկման տևողության կրճատում, էլեկտրամատակարարման որակի և հուսալիության բարձրացում:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մեկ անգամ ևս հայցում է իր բաժանորդների ներողամտությունը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին