Կարևոր իրադարձություններ

Բերդավան գյուղի այգիներում բռնկված հրդեհի վնասի չափը հստակեցնելու համար կկազմվի հանձնաժողով

03 Օգոստոս, 2018 11:52
Բերդավան գյուղի այգիներում բռնկված հրդեհի վնասի չափը հստակեցնելու համար կկազմվի հանձնաժողով

Տավուշի մարզի Բերդավան գյուղի այգիներում բռնկված հրդեհի վնասի չափը հստակեցնելու համար կկազմվի հանձնաժողով:

 Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը: Նա տեղեկացրել է, որ դեպքը տեղի ունեցել օգոստոսի 2-ին, և հրդեհը դեպի Բերդավանի գյուղացիների այգիներ է հասել Ադրբեջանի տարածքից:

«Այնտեղ հրդեհ էր բռնկվել, որը հետո անցավ մեր տարածք: Եթե ժամանակին համակարգված աշխատանք չտարվեր, ապա վնասի ծավալները մեծ կլինեին: Փրկարարները, հրշեջները, զինվորները բավական լավ աշխատեցին, այսօր կարող ենք ասել, որ մեր հատվածում կրակը մարվել է»,-ասաց Սմբատ Մուղդուսյանը:

Նա տեղեկացրել է, որ 10 հա խաղողի այգի է այրվել, մի քանի հա պտղատու այգի, դաշտեր: Ընդհանուր առմամբ վնաս է կրել 10-12 ընտանիք: Սմբատ Մուղդուսյանը նշեց, որ կկազմվի հանձնաժողով, որպեսզի մասնագետները ավելի ճշգրիտ գնահատեն վնասի չափը:

Բերդավանի վարչական ղեկավարը նկատել է, որ գյուղացիները, անվտանգության խնդիրների պատճառով, բավական դժվարությամբ են սահմանամերձ հողատարածքները մշակում, հիմա էլ այդ մշակված տարածքի մի մասն այրվեց:

 

Լրահոս

Դիտել ավելին