Կարևոր իրադարձություններ

Պատ ու կտուր քանդող հայտարարություններ անող կուսակցություններից ի՞նչ լուր կա. «Փաստ»

03 Օգոստոս, 2018 09:52
Պատ ու կտուր քանդող հայտարարություններ անող կուսակցություններից ի՞նչ լուր կա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընդամենը ոչ վաղ անցյալում քաղաքական կուսակցությունների ցանկն ավելացավ մի շարք այլ կուսակցություններով: Այդ միտումն այսօր էլ շարունակվում է: Եվ շատերին թվում է, թե այ հենց իրենք էին պակասում մեր քաղաքական կյանքն ավելի լավը դարձնելու և երկրի ապագան փրկելու գործում: Մեկը խոստացավ, որ գալով քաղաքականություն, իր վրա կվերցնի երկիրը արտաքին և ներքին մարտահրավերներից փրկելու ծանր ու շատ պատասխանատու գործը:

Մյուսն իր հայտարարության մեջ նշել էր.

«Մենք ոչ թե հերթական, այլ առանցքայի՛ն քաղաքական ուժ դառնալու հայտ ենք ներկայացնում։ Այս նոր ուժի հաղթանակը կլինի մեր հանրության հաղթանակը՝ ներքին ու արտաքին մարտահրավերներին արժանապատվորեն պատասխանելու միջոցով»:

Բայց, զարմանալիորեն, սույն միավորը չկարողացավ դառնալ անգամ հերթական կամ հերթապահ քաղաքական ուժ, էլ ուր մնաց թե առանցքային, այն էլ «շեշտո՛վ»: Ավելին, այսօր այդ ուժից հավանաբար միայն կանոնադրությունն ու անցյալի հիշողություններն են մնացել: 

Բա ասում էին՝ առանցքայի՜ն, դեռ մի բան էլ մարտահրավերներին արժանապատվորեն պատասխանելու պատրաստ քաղաքական ուժ են դառնալու: Բա ո՞ւր եք, ինչի՞ ձայն չենք հանում, հարգելիներ, երբ ընդամենը օրեր առաջ հայ–հարայով հայտարարում էիք, թե գալիս եք, որ երկիրը փրկեք, էլի ինչ– որ բաներ անեք, ինչու եք հիմա բերաններդ ջուր առել, հեռախոսներդ անջատել ու հայկական իրականությունից ինքներդ ձեզ «դիսլայք» արել: 

Կամ մեկ ուրիշը հայտարարեց, որ համատարած ձախողումների արդյունքում երկիրն ու մենք բոլորս հայտնվել ենք երկրի կորստյան վտանգի առջև: Կուսակցության նախագահ ընտրվելուց հետո նույն այդ գործիչը հայտարարեց նաև, որ նախագահականում աշխատելու տարիներին բավականին քարեր էր հավաքել, որոնք պատրաստվում էր նետել նույն այն «այգին», որտեղից հավաքել էր: Բայց մինչ օրս այդպես էլ պարզ չդարձավ, թե դրանք քանի՞ կարատանոց, ի՞նչ քարեր էին և նետվեցի՞ն արդյոք որևէ տեղ, թե ոչ: 

Ինչո՞ւ են լռում մնացած քաղաքական ակտիվիստները, ովքեր հազար ու մի ճամբար փոխեցին, միայն թե ջրի երեսին մնան: Հիմա՞ որ «ջրերի» տաքությունն են որոշել ստուգել: Ու եթե միջին կալիբրի քաղաքական գործիչների պարագայում առնետավազքը, ճամբարափոխ լինելը մի տեսակ դարձել է մեր առօրյայի անբաժանելի մասը, ապա համաձայնեք, որ մի շարք կարկառունների լռությունը բավականին խոսուն է: Այն պատճառով են հավանաբար նրանք որոշել լռել, քանի որ իրենք էլ լավ գիտեն, որ լռելու ժամանակ ավելի շատ բան են ասում, քան եթե հանկարծ ինչ–որ բան ասեն:

Իրականում սա է մեր քաղաքականություն ասված «կինոն»: Սկզբում կուսակցությունները պատուհանների ապակիները ջարդուփշուր անող հայտարարություններ են տարածում, մի քանի «սուր» հարցազրույցներ հրապարակում ու հետո մկան պես կորչում են դաշտից էլ, կյանքից էլ:

Եվ շատ չանցած՝ նրանցից մնում է միայն «գուգլ» որոնողական համակարգում «պահպանված» ազգի մասին «խիստ» մտահոգ դեմքի արտահայտությամբ նկարը, իսկ պատ ու կտուր «պայթեցնող» հայտարարություններն իրենցից անկախ օր օրի խունանում են ու վատ երազի պես սկսում են նորից թակել իրենց «դռները»: Եվ, հավանաբար, այդ հիշողությունները մոռացության տալու համար նրանք որոշում են անհասանելի դառնալ թե՛ լրատվամիջոցների և թե՛ իրենք իրենց համար, առանց հաշվի առնելու, որ եթե անգամ մարդիկ հիշողության կորուստ ունենան, ապա կլինեն նաև այնպիսիք, ովքեր անկախ քաղաքական եղանակային պայմաններից կհիշեցնեն նրանց ասածներն ու պարզաբանումներ կպահանջեն իրենց չարածների համար: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին