Կարևոր իրադարձություններ

Դիրքերը զիջել են «Գազպրոմ Արմենիան», ՀԷՑ–ը և «Ալեքս Հոլդինգը». «Փաստ»

03 Օգոստոս, 2018 09:05
Դիրքերը զիջել են «Գազպրոմ Արմենիան», ՀԷՑ–ը և «Ալեքս Հոլդինգը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընթացիկ տարվա վեց ամսվա կտրվածքով Պետեկամուտների կոմիտեն առաջին 1000 խոշոր հարկատուներից հավաքագրել է 445 միլիարդ դրամ հարկ, որը կազմում է ընդհանուր հարկային մուտքերի 68.6 տոկոսը։ Պետեկամուտների կոմիտեն այս տարվա վեց ամիսներին, նախորդի համեմատ, ընդհանուր հարկերի մասով ավելի է հավաքագրել 15.7 տոկոս, խոշորների մասով աճը 17.7 տոկոս է: Համաձայն ՊԵԿ տվյալների՝ տասը ամենախոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը 2018–ի առաջին կիսամյակում վճարել է 24.6 միլիարդ դրամ հարկ:

Սա բավական հետաքրքիր տվյալ է, քանի որ անցած տարվա նույն ժամանակահատվածում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» հինգերորդն է եղել՝ ընդամենը 9.7 մլրդ դրամով: Ավելին, 2017 թվականը ևս այս կազմակերպությունը «փակել» է հինգերորդ հորիզոնականում: Ընդ որում, ամբողջ անցած տարվա ընթացքում ավելի քիչ են հարկ վճարել՝ 18.67 մլրդ, քան այս տարվա միայն վեց ամիսների ընթացքում:

Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով երկրորդը «Գազպրոմ Արմենիան»–ն է, որը գրեթե միշտ առաջինն է եղել խոշոր հարկատուների ցանկում: «Գազպրոմ Արմենիան» անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4 մլրդ դրամով պակաս է հարկ վճարել՝ 20.7 միլիարդ դրամ մոտ 24.47 մլրդ դրամի դիմաց:

Ընդհանրապես, տասնյակում գրեթե նույն կազմակերպություններն են, սակայն զբաղեցրած տեղերի ու վճարումների փոփոխությամբ: 

«Գրանդ Տոբակոն» ավելացրել է վճարած հարկերի չափը՝ 16.6 միլիարդ դրամ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 14.6 մլրդ–ի համեմատ, սակայն այս անգամ ոչ թե երկրորդ, այլ երրորդ տեղում են՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» առաջատար դառնալու արդյունքում:

Դիրքերը զգալիորեն զիջել է Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերը»: Եթե 2017թ. առաջին կիսամյակում ՀԷՑ–ը 11.8 մլրդ դրամով երրորդ խոշոր հարկատուն էր, ապա այս տարի ընդամենը իններորդն է՝ գրեթե կիսով չափ պակաս հարկերով՝ 6.5 մլրդ: Չորրորդ տեղից յոթերորդ հորիզոնական է իջել Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Հոլդինգը»՝ 7.6 միլիարդ դրամով: Անցած տարվա առաջին կիսամյակում այս կազմակերպությունը վճարել էր 11.2 մլրդ դրամ, այսինքն՝ այս տարի մոտ 5 մլրդ դրամ պակաս են հարկ վճարել: Ուշագրավ է, որ օրերս ՊԵԿ–ը հայտարարեց, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ–ին առաջադրվել է 5.2 միլիարդ դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորություն, որն, ի դեպ, արդեն վերականգնվել է: 

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը բարելավել է դիրքերը երկու աստիճանով՝ բարձրանալով չորրորդ հորիզոնական, թեկուզ վճարած հարկերի տարբերությունը շատ մեծ չէ. 8.16 մլրդ անցած տարի, 8.8 միլիարդ դրամ՝ այս տարի: 

Լավագույն տասնյակում են նաև «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշնը»՝ 8.16 միլիարդ դրամ, «Ֆիլլիպ Մորիս Արմենիան»՝ 8.15 միլիարդ դրամ, «Ջեյ Թի Այ Արմենիան»՝ 7 միլիարդ դրամ, «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը»՝ 5.8 միլիարդ դրամ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին