Կարևոր իրադարձություններ

Աննա Հակոբյանն այցելել է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողներին

02 Օգոստոս, 2018 22:01
Աննա Հակոբյանն այցելել է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողներին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողներին: Ինչպես հաղորդում է Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական ծրագիրը, վարչապետի տիկինը Կարեն Ղազարյանի ծնողներին ասել է, որ այս պահին ամենակարևորը նրա մասին լուր ունենալն է:

Նա հույս է հայտնել, որ հնարավորինս արագ Կարեն Ղազարյանի մասին լուր կունենան Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ջանքերի արդյունքում:

Գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողները հայտնել են, որ իրենց արդեն այցելել են Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները:

Աննա Հակոբյանը խոստացել է կապ հաստատել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ: Ղազարյանի ծնողները վարչապետի տիկնոջը փոխանցել են, որ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները իրենց հետ հանդիպմանը խոստացել են կապ հաստատել Կարենի հետ, սակայն դեռ չեն արել:

Վարչապետի տիկինն էլ ընդգծել է, որ այս պարագայում Կարեն Ղազարյանի հետ կապ հաստատելու միակ տարբերակը միջազգային ճնշումն է՝ ընդգծելով, որ ամեն ինչ ավելի հեշտ կլիներ, եթե Հայաստանի կառավարությունից կախված որևէ բան լիներ:

Ղազարյանի ծնողները իրենց մտահոգությունն են հայտնել նաև այն կապակցությամբ, որ ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց որդուն ներկայացնում են որպես դիվերսանտ, ինչն արդեն հերքվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

 

Լրահոս

Դիտել ավելին