Կարևոր իրադարձություններ

Մեր նպատակն է ստեղծել այնպիսի կրթություն, որը կձևավորի առաջադեմ և զարգացած սերունդ. մեկնարկել է Համահայկական 8-րդ կրթական խորհրդաժողովը

02 Օգոստոս, 2018 19:58
Մեր նպատակն է ստեղծել այնպիսի կրթություն, որը կձևավորի առաջադեմ և զարգացած սերունդ. մեկնարկել է Համահայկական 8-րդ կրթական խորհրդաժողովը

Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում այսօր մեկնարկել է Համահայկական 8-րդ կրթական խորհրդաժողովը, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի 24 երկրների 120 ներկայացուցիչներ: Ինչպես տեղեկացնում են ԿԳ նախարարության լրատվական բաժնից, համաժողովի բացմանը ողջույնի ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացման խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:

Շնորհավորելով համաժողովի մասնակիցներին` Արայիկ Հարությունյանը նշել է, որ Սփյուռքի հետ կրթական առնչությունները Հայաստան-Սփյուռք համագործակցության կարևոր բաղադրիչներից է. «Կրթության դաշտում վերարտադրվում և ձևավորվում են արժեքներ, որոնք լինելու են հայի վաղվա օրվա քաղաքական և մշակութային օրակարգի հիմքում»,- նշել է ԿԳ նախարարը և հավելել, որ երկամյա պարբերականությամբ Հայաստանում գումարվող խորհրդաժողովները նպատակ ունեն քննարկել արտերկրի հայկական կրթօջախների հիմնահարցերը, հստակեցնել կրթության ոլորտում ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից իրականացվող ծրագրերը:

 



Նախարարի խոսքով` խորհրդաժողովի քառօրյա աշխատանքի արդյունքում մշակված բանաձևը պետք է արտացոլի այն հիմնական ուղղությունները, որոնց իրագործմամբ հնարավոր կլինի լուծել Սփյուռքի կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները և ստեղծել կայուն համագործակցության միջավայր: «Համահայկական 8-րդ կրթական խորհրդաժողովը անցնում է մեզ համար շատ կարևոր` արժեքների վերաիմաստավորման և թավշյա հեղափոխության փուլում: Ընդ որում հեղափոխությունը դեռ չի ավարտվել, որովհետև մենք դեռ անելու շատ գործ ունենք: Տարբեր ոլորտներում, այդ թվում նաև կրթության համակարգում կան  իներցիաներ, որից մենք պետք է դուրս գանք: Սփյուռքի հետ փոխհարաբերություններում, հատկապես կրթությանն առնչվող հարցերում մենք պետք է նոր օրակարգ ձևավորենք` նաև այս խորհրդաժողովի արդյունքներից ելնելով: Խնդիրները բազմազան են` սկսած դասավանդման մեթոդներից ու նոր ծրագրերից մինչև արևմտահայերենի  խնդիր:Վստահ եմ, որ աշխատանքային կարգով կարող ենք քնննարկել բոլոր հարցերը և գտնել լուծման արդյունավետ ուղիներ»,- հայտարարել է Արայիկ Հարությունյանը:

ՀՀ վարչապետն իր ուղերձում շեշտել է, որ ուրախ է Հայաստանում ողջունել ազգային կրթության բոլոր պատասխանատուներին և մասնավորապես նշել. «Արտերկրի յուրաքանչյուր կրթօջախ ջանքեր չի խնայում հայերենի բանավոր և գրավոր խոսքը պահպանելու համար: Մեր մշակութային ինքնության պահպանումը ազգային անվտանգության կարևոր բաղադրիչներից է և այն պահպանելու զարգացնելու համար անհրաժեշտ է պետական լուրջ քաղաքականություն: Դրա հետ մեկտեղ, մեր նպատակն է ապահովել աշխարհի առաջատար կրթական չափորոշիչներին համապատասխան այնպիսի կրթություն, որը կձևավորի առաջադեմ և զարգացած սերունդ։ Ուսումնամեթոդական աջակցության, կրթական չափորոշիչների, արտերկրում հայագիտական ամբիոնների գործունեության, միջազգային դաշտում արդյունավետ համագործակցության հետ կապված հարցերը պետք է քննարկվեն և ստանան համապատասխան լուծումներ: Այս առումով, Հայաստանի Հանրապետության կառավարության քայլերը լինելու են առավել առարկայական ու նպատակային:
Համոզված եմ, որ նմանօրինակ համաժողովների անցկացումը կնպաստի կրթության ոլորտում Հայաստան-սփյուռք կապերի հետագա ամրապնդմանն ու համատեղ նոր ծրագրերի իրականացմանը: 
Խորհրդաժողովի մասնակիցներին մաղթում եմ արգասաբեր և արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ կրթության որակի բարձրացման և հայապահպանության» : 

Խորհրդաժողովի մեկնարկի առիթով օրհնության գիր է հղել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:

Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանում և Սփյուռքում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն ուղղակիորեն անդրադառնում է Արցախի վրա. «Հետևաբար յուրաքանչյուր խոսք պետք է մեծ պատասխանատվությամբ արտաբերել, հիշելով, որ թշնամու նշանառության տակ են գտնվում Արցախի երեխաները: Արցախի դպրոցներում սովորողները պետք է ունենան համոզմունք, որ երբևէ առուծախի առարկա չի դառնա այն հողը, որի վրա իրենք ապրում են»,- նշել է Արցախի նախարարը: 
Նշենք, որ Համահայկական կրթական 8-րդ խորհրդաժողովի աշխատանքները կամփոփվեն օգոստոսի 6-ին:  Խորհրդաժողովի աշխատանքները կընթանան լիագումար նիստերի և բաց քննարկումների ձևաչափով: Լիագումար նիստերում նախատեսված են ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբաբյանի, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանի, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի զեկույցները:

Մասնախմբերում քննարկվելու են սփյուռքի ամենօրյա և մեկօրյա դպրոցներում արևելահայերենի և արևմտահայերենի դասավանդման հիմնախնդիրները, այդ թվում ոչ ավանդական մեթոդների կիրառման հնարավորությունները: Օրակարգում են նաև կրթական կառույցների երկկողմանի համագործակցության հեռանկարները, արտադասարանական աշխատանքի կազմակերպման հարցերը, նախադպրոցականների և մեծահասակների կրթության կազմակերպման առանձնահատկությունները, սփյուռքի դպրոցներում «Շախմատ» առարկայի ուսուցման հնարավորությունները:

Խորհրդաժողովն ամփոփվելու է բանաձևի ընդունմամբ, որն  առաջիկա երկու տարիներին ուղղորդիչ կլինի ՀՀ կրթության և գիտության նախարարության համար:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին