Կարևոր իրադարձություններ

Հայաստանի արտահանման կառուցվածքում դիրքերը զիջել է Վրաստանի, աճել Ռումինիայի մասնաբաժինը

02 Օգոստոս, 2018 10:40
Հայաստանի արտահանման կառուցվածքում դիրքերը զիջել է Վրաստանի, աճել Ռումինիայի մասնաբաժինը

Ընթացիկ տարվա վեց ամսում Հայաստանից ապրանքների արտահանման կառուցվածքում երկրների տեսակարար կշռում որոշակի տեղաշարժեր են գրանցվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Այս մասին տեղեկանում ենք` ուսումնասիրելով Ազգային վիճակագրական կոմիտեի կիսամյակային տվյալները, «ԱՊՀ երկրներ» տողում արտահանման տեսակարար կշիռը աճ է արձանագրել. 2018-ի հունվար-հունիսին ԱՊՀ երկրներ է արտահանվել 302 միլիոն դոլարի ապրանք՝ 2017-ի նույն ժամանակահատվածի 234.2 միլիոն դոլարի փոխարեն։ Ընդ որում՝ նշվածից ընթացիկ տարում ԵԱՏՄ երկրներ է ուղարկվել 290.3 միլիոն դոլարի արտադրանք՝ նախորդ տարվա վեց ամիսների 225.8  միլիոն դոլարի փոխարեն: Եթե ԵԱՏՄ երկրների մասնաբաժինը 2017-ի հունվար-հունիսին արտահանման կառուցվածքում կազմել է 23.3 տոկոս, 2018-ին՝ 24.9 տոկոս:

ԵՄ երկրներ ևս այս տարվա վեց ամիսներին ավելի մեծ ծավալի ապրանք է արտահանվել, մասնավորապես, նախորդ տարվա 300.8 միլիոն դոլարի դիմաց այս տարվա վեց ամսում 369.6 միլիոն դոլարի ապրանք է վաճառվել այս երկրներին։

2017 թվականի հունվար-հունիսին այլ երկրներ է արտահանվել 435.8 միլիոն դոլարի, իսկ 2018-ի նույն ժամանակահատվածում՝ 493.4 միլիոն դոլարի արտադրանք: Սակայն, եթե 2017-ի առաջին կիսամյակում արտահանման կառուցվածքում այլ երկրների տեսակարար կշիռը կազմել է 44.9 տոկոս, ապա 2018- ի վեց ամսում՝ 42.4 տոկոս:

Առանձին երկրների մասով ևս այդ տեղաշարժերը նկատելի են, օրինակ, Ռուսաստանի մասնաբաժինն արտահանման կառուցվածքում 2017-ի վեց ամսում կազմել է 22.7 տոկոս, 2018-ի նույն հատվածում՝ 24.1 տոկոս: Այն տեսանելի է նաև բացարձակ թվերով՝ նախորդ տարվա վեց ամսում դեպի Ռուսաստան արտահանումը կազմել է 220.4 միլիոն դոլարի, ընթացիկ տարում՝ 281.2 միլիոն դոլարի ապրանք:

Զգալիորեն աճել է Ռումինիա արտահանվող արտադրանքի ծավալը՝ 9.9 անգամ: Նվազել է Բուլղարիա արտահանվող արտադրանքի ծավալը. նախորդ տարվա նշյալ ժամանակահատվածում արտահանվել է 129.9 միլիոն դոլարի, ընթացիկ տարում՝ 124.2 միլիոն դոլարի արտադրանք։ Շուրջ 43-տոկոսանոց արտահանման աճ է արձանագրվել դեպի Շվեյցարիա. 2017-ի վեց ամիսներին արտահանվել է 119.2 միլիոն դոլարի, 2018-ի նույն ժամանակահատվածում՝ 170.3 միլիոն դոլարի արտադրանք: Նույնքան աճ է ապահովել նաև Նիդեռլանդները. այս ուղղությամբ 40.6 միլիոն դոլարի դիմաց՝ 58.2 միլիոն դոլարի արտահանում է արձանագրվել:

39.1 տոկոսով ավելացել է արտահանումը դեպի Իրան՝ 34.5 միլիոն դոլարի փոխարեն արտահանվել է 48 միլիոն դոլարի արտադրանք: Դեպի Չինաստան արտահանման աճը կազմել է 30 տոկոս, Իրաք՝ 10.7, Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 8.3: Հարևան Վրաստանի դեպքում մեծ անկում է գրանցվել՝ 56 տոկոս. եթե 2017-ի վեց ամսում այնտեղ արտահանվել է 64.6 միլիոն դոլարի, ապա ընթացիկ տարում՝ ընդամենը 28.4 միլիոն դոլարի արտադրանք:

2018 թվականի հունվար-հունիսին Հայաստանից արտահանումը կազմել է 1 միլիարդ 165 միլիոն 189.4 հազար դոլար, աճը 2017-ի վեց ամսվա համեմատ կազմել է 20 տոկոս:

 

Լրահոս

Դիտել ավելին