Կարևոր իրադարձություններ

Մասիսի քաղաքապետի անազատության մեջ գտնվելը իրենից ներկայացնում է ապօրինի, եթե չասեմ, նաև քաղաքական հալածանք. պաշտպաններ

01 Օգոստոս, 2018 20:15
Մասիսի քաղաքապետի անազատության մեջ գտնվելը իրենից ներկայացնում է ապօրինի, եթե չասեմ, նաև քաղաքական հալածանք. պաշտպաններ

Մասիսի քաղաքապետի պաշտպանները հայտարարություն են տարածել Վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա որոշման վերաբերյալ:

Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին կալանքի տակ թողնելու Վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա որոշումը պաշտպանության կողմի համար անսպասելի էր: Խնդիրն այն է, որ Դավիթին մեղսագրվում է երկու դեպք՝ զանգվածային անկարգություններ Էրեբունի փողոցում և խուլիգանություն Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում: Առաջին դրվագով նույն Վերաքննիչ քրեական դատարանը մեկ ամիս առաջ փաստել էր, որ բացակայում է հիմնավոր կասկածը, պարզ ասած՝ որևէ ապացույց Դավիթի դեմ առկա չէ, իսկ երկրորդ դեպքով երկու անձի ցուցմունք կա, որոնք միանգամից հերքվեցին առերեսումների ժամանակ:

Որևէ այլ ապացույց չկա գործով: Նման պայմաններում անձին կալանքի տակ թողնելը որևէ աղերս չունի իրավաբանության հետ, այլ սկսում է նմանվել քաղաքական հետապնդման: Վերջինում պաշտպանության կողմը համոզվում է ոչ այնքան Վերաքննիչ դատարանի որոշման պատճառով, այլ մեզ հասնող չճշտված տեղեկություններով, որ որոշ պետական մարմիններ սպառնում են մասիսցիներին չմասնակցել ի պաշտպանություն իրենց քաղաքապետի դատարանի շենքի մոտ տեղի ունեցող ակցիաներին, ինչպես նաև  փողոց փակելու դեպքում բոլորով կենթարկվեն բերման և վարչական պատասխանատվության:

Այսինքն՝ ակնհայտ է, որ Մասիսի քաղաքապետի անազատության մեջ գտնվելը արդեն վաղուց դուրս է քրեական գործի շահերի շրջանակներից և իրենից ներկայացնում է ապօրինի, եթե չասեմ, նաև քաղաքական հալածանք: Եվ դա կարելի է հասկանալ, որովհետև, ի դեմս Դավիթ Համբարձումյանի, մենք ունենք ՀՀԿ-ական քաղաքապետ, որը ի զարմանս շատ շատերի, վայելում է Մասիս քաղաքի մեծ թվով բնակիչների վստահությունը և օժանդակությունը: Նման երևույթը երևի չի տեղավորվում արդի որոշ կարկառուն գործիչների պատկերացումների մեջ, ուստի տեղի է ունենում այն, ինչի ականատեսն ենք բոլորս:

Մենք, Դավիթի փաստաբաններս, շարունակելու ենք ձեռնարկել օրենքով չարգելված բոլոր քայլերը նրան ազատելու և արդարության հասնելու համար: Արդեն իսկ մենք ունենք որոշակի տեղեկություններ, թե ովքեր կարող են կազմակերպած լինեն Էրեբունու հարձակումը, Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկների բախումը, և հավատացեք, Դավիթի կամ նրա ընկերների անունները այդտեղ չկան: Զարմանալի է, թե ինչպես է, որ այդ տեղեկատվությունը հասու չէ իրավապահներին, իսկ եթե հասու է և չի դառնում քննության առարկա, ապա դա միայն հաստատում է մեր կարծիքը Դավիթի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հալածանքի մասին»:

 

Լրահոս

Դիտել ավելին