Կարևոր իրադարձություններ

Ապօրինի ծառահատման հատկանիշներով հարուցված 99 քրգործերով պետությանը պատճառվել է 378.5 մլն դրամ

01 Օգոստոս, 2018 17:19
Ապօրինի ծառահատման հատկանիշներով հարուցված 99 քրգործերով պետությանը պատճառվել է 378.5 մլն դրամ

Հանրապետության ամենամեծ անտառային ֆոնդերն ունեցող երեք մարզերում՝ Լոռիում, Տավուշում և Սյունիքում, ՀՀ ոստիկանության մարզային վարչությունների ենթակա բաժինների աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, առանձին դեպքերում նաև ՀՀ բնապահպանության նախարարության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսությունների մասնաճյուղերի աշխատակիցների, բնապահպանների կողմից հայտնաբերվել է ապօրինի ծառահատման թվով 241 դեպք, որոնցից 99-ով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

2017թ. 1-ին կիսամյակում վերոնշյալ պետական մարմինների գործունեության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ծառահատման թվով 108 դեպք, որոնցից ընդամենը 14-ով է քրեական գործ հարուցվել: Այսինքն՝ ապօրինի ծառահատման հայտնաբերված դեպքերը 2018թ. առաջին կիսամյակի կտրվածքով ավելացել են 124 տոկոսով, իսկ հարուցված քրեական գործերը՝ 7 անգամ:

 
 
Ավելին. 2018թ. առաջին կիսամյակում միայն նշված երեք մարզերում հարուցվել է գրեթե այնքան քրեական գործ, որքան ամբողջ 2017թ. ընթացքում (110):

2018թ. առաջին կիսամյակում երեք մարզերի կտրվածքով նախապատրաստված նյութերով արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 9մլն դրամ, որից կամովին վերականգնվել է 3 մլն 154 հազար դրամ:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նախապատրաստված նյութերով արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 5 մլն 160 հազար դրամ, որից վերականգնվել է 1.9 մլն դրամը:

Իսկ նույն հատկանիշներով հարուցված 99 քրեական գործերով պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը հաշվարկվել է 378.5 մլն դրամ:

Վերջինիս վրա էական ազդեցություն են ունեցել Լոռու մարզում դեռևս 2017թ. հայտնաբերված՝ ապօրինի անտառահատման դեպքով հարուցված մեկ քրեական գործով կատարված բացահայտումները: Մասնավորապես Լոռու մարզի դատախազությունում 2017թ. օգոստոսի 8-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անտառային ֆոնդի տարածքում գտնվող ծառերի ապօրինի հատում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետությունում նշանակված ստուգման արդյունքում պարզվել էր, որ անտառպետությունում ապօրինի հատվել են 1445 կանգուն ծառեր, որոնք ունեն մինչև երկու տարվա վաղեմություն, իսկ հատումների արդյունքում բուսական աշխարհին պատճառված վնասի կազմել է առանձնապես խոշոր՝ 145.469.700 ՀՀ դրամ:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա անտառապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով,  2 անտառապահներին՝ 315-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործը 2018թ. մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Միաժամանակ միջոցներ են ձեռնարկվել պատճառված վնասը վերականգնելու նպատակով մեղադրյալների գույքի վրա արգելանք կիրառելու ուղղությամբ:

Այն դեպքերում, երբ առկա է եղել ապօրինի ծառահատումները նաև անտառների պահպանության գործառույթներով օժտված պաշտոնատար անձանց հանցակցությամբ կատարված լինելու վերաբերյալ,  քրեական գործերը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (ապօրինի ծառահատումը), 311-րդ հոդվածի(կաշառք ստանալը), 312-րդ հոդվածի (կաշառք տալը), 308-րդ հոդվածի (պաշտոնեական դիրքի չարաշահումը) տարբեր մասերի համակցությամբ: Առանձին դեպքերում քրեական գործեր են հարուցվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական անփութությունը, որը անզգուշությամբ հանգեցրել է ծանր հետևանքների),  325-րդ հոդվածի 1-ին մասի (փայտանյութի ձեռք բերման վերաբերյալ բովանդակությամբ կեղծ փաստաթուղթ ներկայացնելու) հատկանիշներով:

Երեք մարզերում հարուցված 99 քրեական գործերից 7-ով վարույթը կարճվել է, 23-ով՝ կասեցվել՝ հիմնականում ապօրինի ծառահատում իրականացրած անձանց հայտնի չլինելու հիմքով:
Հաշվետու ժամանակահատվածում 13 քրեական գործ՝ 15 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ: Այս քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 7 մլն դրամ, որից նախնական քննության և դատաքննության ընթացքում վերականգնվել է գրեթե 2.5 մլն դրամը:

Համեմատության համար նշենք, որ 2017թ. առաջին կիսամյակում դատարան է ուղարկվել ապօրինի ծառահատման հատկանիշներով քննված 3 անգամ ավելի քիչ՝ թվով 4 քրեական գործ՝ 4 անձի վերաբերյալ: Դրանցով պետությանը պատճառված վնասն ընդհանուր կազմել է 1.8 մլն դրամ, որից հատուցվել է ընդամենը 250 հազար դրամի վնասը:

Վերոնշյալ արդյունքներն արձանագրվել են 2017թ. հուլիսի 19-ին ՀՀ դատախազությունում կայցած խորհրդակցությամբ սկսված և իրավասու այլ մարմինների, մասնավորապես ՀՀ Ոստիկանության, ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ բնապահպանության նախարարությունների հետ սերտ համագործակցությամբ ապօրինի անտառահատումների կանխման, հանցավոր արարքներ կատարած անձանց ամբողջ շրջանակի ու կիրառվող հանցավոր մեխանիզմների հայտնաբերման, բնությանը հասցված վնասի իրական ծավալների հաշվարկման և վերականգնման, ոլորտը կարգավորող իրավական ակտերի հստակեցման ուղղությամբ ակտիվ պայքարի շրջանակներում:

Մասնավորապես խնդիր էր դրվել այս ապօրինի ծառահատման փաստերով հարուցված յուրաքանչյուր քրեական գործի հարուցման և անտառի պահպանության համար պատասխանատու անձանց մեղավորության հիմնավորման պարագայում ստուգումներ իրականացնել վերջիններիս սպասարկման ամբողջ տարածքում, մեղադրանքի առաջադրմանը զուգահեռ նախաձեռնություն ցուցաբերել պետությանը պատճառված վնասի վերականգնման նպատակով քաղաքացիական հայցերի, վարչական տուգանքների ապահովման ուղղությամբ: ՀՀ Ճանապարհային ոստիկանության կողմից ուժեղացվեց հսկողությունը ինչպես մայրուղիներում, այնպես էլ ճանապարհների և անտառներից ելքերի վրա: Որպես միասնական քաղաքականություն՝ որոշվեց ապօրինի ծառահատմամբ շրջակա միջավայրին պատճառված վնաս  գնահատել ոչ միայն հատված ծառի ինքնարժեքը, այլ նաև շրջակա միջավայրի վերականգնման համար անհրաժեշտ գումարի չափը:

Անտառօգտագործման համապատասխան պայմանագրերի ձևերում  մտցվեցին փայտանյութի ձեռքբերման և իրացման հետ կապված մի քանի պարտադիր դրույթներ, իրականացվել է համապատասխան հրամաններում կամ պայմանագրերում անտառի պահպանության համար պատասխանատու յուրաքանչյուր պաշտոնյայի իրավունքները և պարտականություններն ավելի կոնկրետացնելու գործընթաց:
 

Լրահոս

Դիտել ավելին