Կարևոր իրադարձություններ

Նարեկ Ղահրամանյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին Կապան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը իրեն վստահելու համար

01 Օգոստոս, 2018 14:05
Նարեկ Ղահրամանյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին Կապան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը իրեն վստահելու համար

Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ  հուլիսի 27-ին մասնակցել է Կապանի համայնքապետարանում կայացած հանդիպմանը, որի ժամանակ նախարարը համայնքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին եւ բնակավայրերի վարչական ղեկավարներին է ներկայացրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանին։

Ողջունելով ներկաներին եւ շնորհավորելով Ն.Ղահրամանյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է. «Մենք պարտավոր ենք հաղթահարել այն տարաձայնությունը, որ առկա է համայնքային բնակչության սպասումների եւ առկա իրավիճակի միջեւ ու համատեղ ջանքերով հասնել համայնքների տնտեսական եւ սոցիալական բարեկեցությանը»: 

Սուրեն Պապիկյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանի կառավարության համար առանցքային նշանակություն ունի տարածքների համաչափ զարգացումն ու ապակենտրոնացումը եւ միաժամանակ հավելել, որ այս գործում չափազանց կարեւոր է մարզպետարանի, համայնքապետարանի եւ ավագանու անդամների համաձայնեցված ու արդյունավետ աշխատանքը։ Իր խոսքում Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը, անդրադառնալով Կապանում առկա հիմնախնդիրներին եւ դրանց հնարավոր լուծման հեռանկարներին, կարեւորել է այդ գործում մարզային եւ համայնքային կառույցների փոխհամաձայնեցված աշխատանքը։ Նարեկ Ղահրամանյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին Կապան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պատասխանատու պաշտոնը իրեն վստահելու համար:

Հանդիպման ավարտին նախարար Սուրեն Պապիկյանը լսել է համայնքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին եւ բնակավայրերի վարչական ղեկավարներին անհանգստացնող մտահոգությունները, պատասխանել նրանց հարցերին։ Սյունիքի մարզպետարան 


 

Լրահոս

Դիտել ավելին