Կարևոր իրադարձություններ

Սևանում բացվել է ներառական առագաստանավային կենտրոն

01 Օգոստոս, 2018 13:47
Սևանում բացվել է ներառական առագաստանավային կենտրոն

Հայաստանում՝ Սեւանա լճի ափին, բացվել է ներառական առագաստանավային կենտրոն: Այն կգործի Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում, Armenian Camp ճամբարի տարածքում: Այս մասին հայտնում են «Ռոսատոմ, Արեւելյան Եվրոպա» ընկերությունից: Բացման արարողությանը ներկա ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն

Մանուկյանն ընդգծեց, որ զարգացման բոլոր ծրագրերը, անկախ ոլորտից, պետք է լինեն ներառական. «Այս կենտրոնը հրաշալի օրինակ է՝ ցույց տալու, որ հանրությանը մատուցվող ծառայություններն ու ենթակառուցվածքները իրապես կարող են լինել մատչելի։ Սա մեր երկրի որդեգրած քաղաքականությունն է, ու շահագրգիռ բոլոր կառույցները պետք է համատեղ աշխատեն, որ այդ քաղաքականությունը չմնա թղթի վրա, այլ դառնա իրականություն, որը հասանելի կլինի մեր երկրի բոլոր անկյուններում»։

Հաշմանդամային սպորտի Հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Սամվել Ռոստոմյանը, որը երկար տարիներ է՝ պարապմունքներ է անցկացնում հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ, ասել է. «Մենք աշխատում ենք հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ, որոնցից շատերը զբաղվում են ջրային տարբեր մարզաձեւերով եւ, ընդհանուր առմամբ, ապրում են ակտիվ կյանքով: Նրանց համար շատ կարեւոր է ինքնուրույն հասնել ջրին, զգեստափոխվել, լողալ եւ արեւայրուք ընդունել:

Կենտրոնը հատուկ սարքերի ու ենթակառուցվածքների շնորհիվ տրամադրում է նման հնարավորություն»։ «Սպիտակ ձեռնափայտ» անկախ ոչ առեւտրային կազմակերպության նախագահ, հաշմանդամների մասնակցությամբ «Ոգու առագաստներ» զբոսանավային շուրջերկրյա ճանապարհորդության ղեկավար Օլեգ Կոլպաշչիկովի խոսքով. «Միայն հիմա ենք մենք սկսում գնահատել առագաստային նավագնացության հսկայական դրական ազդեցությունը սոցիալական ոլորտի վրա:

«Ոգու առագաստներ» (Парусa духа) նախագծի փորձը վկայում է, որ երկու ժամ ներառական ռեգատում կամ մի քանի օր ներառական արշավում անցկացրած հաշմանդամություն ունեցող անձի կյանքի որակը անդառնալիորեն բարեփոխվում է։ Նա սովորում, աշխատում, ընտանիք է կազմում, հրաժարվում է կյանքի, շրջապատի նկատմամբ սպառողական վերաբերմունքից։ Ներառական առագաստանավագնացության շնորհիվ հաշմանդամություն ունեցող անձը սկսում է զգալ իր հատուկ տաղանդի դրական ազդեցությունը հանրության վրա»։ Նախագիծն իրականացվել է Հաշմանդամային սպորտի Հայկական ազգային ֆեդերացիայի կողմից՝ «Սպիտակ ձեռնափայտ» անկախ ոչ առեւտրային կազմակերպության (Ռուսաստան) հետ համատեղ, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի եւ Երեւանի գիտության ու կրթության ռուսաստանյան կենտրոնի աջակցությամբ:

«Ռուսատոմ-Սերվիս» ընկերության նախագծերի կառավարման տնօրենի տեղակալ, Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման նախագծի ռուսաստանյան կողմի ղեկավար Վլադիմիր Բրեդովի ներկայացմամբ. «Ռոսատոմի առանցքային արժեքը եւ գլխավոր կապիտալը Մարդն է։ Ընկերությունը ոչ միայն զարգացնում եւ ներդնում է նոր տեխնոլոգիաներ, ընկերությունը նպաստում է էներգիայի ստեղծմանը։ Մեզ համար չափազանց կարեւոր եւ հոգեհարազատ են այն նախագծերը, որոնք ի զորու են ստեղծել ամենաարժեքավոր էներգիան՝ կյանքի էներգիան։ Այդ իսկ պատճառով Ռոսատոմն աջակցում է մարդկանց կյանքի որակը բարձրացնող նախագծերին։

Դրանցից մեկն է «Ոգու առագաստներ» միջազգային զբոսանավային շրջագայությունը, որին մասնակցում են հաշմանդամություն ունեցող եւ առողջ մարդիկ։ Անցյալ տարի հայկական ճամբարը դարձել է բազային հարթակ շրջագայության հայաստանյան փուլի համար։ Ուրախ եմ, որ այստեղ նախագիծն իր շարունակությունն է ստացել, ճամբարը դարձել է եզակի կենտրոն, որը միավորելու է մարդկանց, ստեղծելու է նոր արժեքներ, հաղորդելու է նոր իմաստ եւ մեկնարկ է հաղորդելու նոր նախագծերին։ Մեծ պատիվ է աջակցել Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիային եւ բոլոր նրանց, ովքեր իրենց աշխատանքով նպաստել են ներառական առագաստանավային կենտրոնի ստեղծմանը»։ 


 

Լրահոս

Դիտել ավելին