Կարևոր իրադարձություններ

Ա. Բաբլոյանի շնորհավորական ուղերձը`Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի անդրանիկ նիստի գումարման 100-րդ տարեդարձի առթիվ

01 Օգոստոս, 2018 10:56
Ա. Բաբլոյանի շնորհավորական ուղերձը`Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի անդրանիկ նիստի գումարման 100-րդ տարեդարձի առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի անդրանիկ նիստի գումարման 100-րդ տարեդարձի առթիվ։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ 

Ուղերձում ասվում է. «Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի հայրենակիցներ,

հարյուր տարի առաջ այս օրը Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանը` Հայաստանի խորհուրդը, Ավետիք Սահակյանի ղեկավարությամբ գումարեց իր անդրանիկ նիստը: Մայիսյան հերոսամարտերի արդյունքում ծնունդ առած և դժվարին օրեր ապրող նորանկախ երկրում այդ պատմական օրվանից ի վեր վերստին սկսվեց պետականաշինության և օրինաստեղծ աշխատանքի ժամանակը, որը կանգ էր առել հարյուրամյակներ առաջ:

Իր ժամանակների նման դժվարին եղավ հայոց անդրանիկ խորհրդարանի աշխատանքն ու անցած ճանապարհը, բայց այն բացառիկ դեր ունեցավ ազգային օրենսդրության մշակման, դատական համակարգի ձևավորման և ընդհանրապես Հայաստանի պետական ու հասարակական կյանքի կազմակերպման գործում:

 
 

Հայաստանի խորհուրդն սկսեց գործել պետական իշխանության մարմինների դեռևս ձևավորված չլինելու պայմաններում և հաճախ կատարեց նաև գործադիր իշխանության աշխատանքը` ընդունելով ոչ միայն բազմաթիվ օրենքներ ու օրենքի ուժ ունեցող իրավական փաստաթղթեր, այլև հարյուրավոր վարչական հրահանգներ ու որոշումներ, ինչը պայմանավորված էր սովի ու համաճարակների դեմ գործուն պայքարի և անգամ կրթական գործի կազմակերպման հրամայականով:

Հայաստանի խորհուրդը կազմավորումից հազիվ մեկ տարի անց եվրոպական մոդելով մշակեց ժամանակի ու պայմանների համար առավել քան ժողովրդավարական ընտրական օրենք և ընդհանուր, ուղղակի, հավասար ու գաղտնի քվեարկությամբ կազմակերպեց նոր խորհրդարանի ընտրությունները:

Հայաստանի խորհուրդն իսկապես ներկայացուցչական մարմին էր, որում ընդգրկված էին երկրի բոլոր հիմնական քաղաքական ուժերի, ազգությունների, ինչպես նաև արևմտահայ գաղթականության ներկայացուցիչները:

Զարմանալի է, բայց լինելով ընտրությունների միջոցով չձևավորված խորհրդարան` այն հաստատակամորեն ստեղծեց ու զարգացրեց խորհրդարանական ժողովրդավարության ավանդույթները, ձևավորեց քաղաքական կառավարման մշակույթ, ինչը մեծ դեր ունեցավ նաև հայ քաղաքական կուսակցությունների և քաղաքական մտքի զարգացման համար:

Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս այս նվիրական տարեդարձի առթիվ, ցանկանում եմ, որ արժանվույնս գնահատենք մեր պատմությունն ու հպարտանանք նրանով:

Մաղթում եմ, որ պահպանենք ու փայփայենք մեր հայրենիքի` 20-րդ դարավերջին այնքան թանկ գնով ստեղծված երրորդ պետականության ինքնիշխանությունը և հանուն վաղվա օրվա անենք ամեն ինչ` Հայաստանի Հանրապետությունը բոլոր առումներով ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն դարձնելու համար»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձում: 

 

Լրահոս

Դիտել ավելին