Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի քեմալական կուսակցության ազատազրկված պատգամավորը հացադուլ է սկսել

22 Հուլիս, 2018 10:40
Թուրքիայի քեմալական կուսակցության ազատազրկված պատգամավորը հացադուլ է սկսել

Թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի նախկին լրագրող, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) պատգամավոր Էնիս Բերբերօղլուն, ով Ազգային հետախուզական ծառայությանը պատկանող բեռնատարների մասին հրապարակման գործով 25 տարվա ազատազրկման է դատապարտված, հայտարարել է հացադուլ սկսելու մասին: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Բերբերօղլուն, չնայած պատգամավորական մանդատին, 2017 թվականի հունիսից ազատազրկված է: 2018 թվականի հունիսի 24-ին ընտրություններում նա ՀԺԿ ընտրացուցակով կրկին ընտրվել էր պատգամավոր: Հաշվի առնելով պատգամավոր վերընտրվելու և հետևաբար կրկին անձեռնմխելիություն ձեռք բերելու փաստը՝ նրա փաստաբանները դիմել էին դատարան՝ պահանջելով ազատ արձակել Բերբերօղլուին, սակայն վերաքննիչ դատարանը մերժել է միջնորդությունը:

Ազատազրկված պատգամավորը որոշում է կայացրել հացադուլ սկսել: Բացի այդ, նա իր փաստաբանների միջոցով հայտնել է, որ այսուհետ չի օգտվելու դատարաններում իրեն պաշտպանելու, ինչպես նաև դրսի հետ կապ պահելու իրավունքներից:

 

Էնիս Բերբերօղլուի դեմ դատական գործ էր հարուցվել «պետական գաղտնիք համարվող տեղեկությունները և փաստերը ռազմական ու քաղաքական լրտեսության նպատակով տարածելու» և «գյուլենականների խմբավորմանը գիտակցաբար և ցանկանալով օգնելու» մեղադրանքներով: Նա մեղադրվում է «Ջումհուրիեթ»-ի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին հետախուզական ծառայությանը պատկանող բեռնատարների վերաբերյալ տվյալներ տրամադրելու մեջ:

«Ջումհուրիեթ»-ի լրագրողները, այդ թվում և գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը ձերբակալել էին դեռևս 2015 թվականի նոյեմբերին նրա համար, որ վերջիններս հրապարակել էին աղմկահարույց մի հոդված այն մասին, թե ինչպես է Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը բեռնատարներով զենք մատակարարում Սիրիայում գործող «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներին: Դատարանը լրագրողներին մեղադրել էր պետական գաղտնիքներ հրապարակելու, լրտեսության և ահաբեկչական գաղտնի կառույցի անդամակցելու մեջ: Ներկայում Ջան Դյունդարը քաղաքական վտարանդիության մեջ է Գերմանիայում: Թուրքիայում նրան ձերբակալելու որոշում կա:

 

Լրահոս

Դիտել ավելին