Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    549
    557

  • RUB

    7,04
    7,34

Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ը թույլ չի տա, որ 11 ամերիկացիներին հարցաքննեն Ռուսաստանում

21 Հուլիս, 2018 23:45
ԱՄՆ-ը թույլ չի տա, որ 11 ամերիկացիներին հարցաքննեն Ռուսաստանում

Միացյալ Նահանգները մեղադրանքներ է ներկայացրել ռուս պաշտոնատար 12 անձանց դեմ, նրանց կասկածելով ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավի օրերին Դեմոկրատական կուսակցության համակարգիչներում հաքերային գործունեություն իրականացնելու մեջ: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Ռուսաստանը համաձայնել է թույլ տալ ամերիկացի հետաքննիչներին հարցաքննել նշված ռուսներին: Սակայն դրել է պայման, որ ռուսական կողմն էլ պիտի ունենա 11 ամերիկացիների, այդ թվում Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքըլ Մաքֆոուլին հարցաքննելու արտոնություն:

Ամերիկացի դիվանագետին օտար կառավարության կողմից հարցաքննելու միտքը աղմուկ է բարձրացրել նույնիսկ հանրապետական կոնգրեսականների շրջանում:

Սենատոր Լինդզի Գրահամը չի կարծում, որ Կոնգրեսում որեւէ մեկը կողմ կլիներ, որ դա տեղի ունենար:

Ռուսաստանի իշխանություններն ԱՄՆ-ի նախկին դեսպանից ուզում են հարցաքննության միջոցով տեղեկություններ ստանալ Լոնդոնից գործող բիզնեսմեն Բիլ Բաուդերի մասին, որին Ռուսաստանում մեղադրում են հարկային խարդախություններ իրականացնելու մեջ:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը նրան հարցաքննելու մասին Ռուսաստանի առաջարկն անվանել է «անհեթեթություն»: «Դա տեղի ունենալ չի կարող»,- ասել է պետքարտուղար Մայք Փոմփեոն:

«Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ անցկացված գագաթաժողովի ընթացքում այս հարցի շուրջ Ռուաստանի նախագահն արել է առաջարկություններ, հանդես եկել մեկնաբանությամբ: Սակայն նախագահ Թրամփը շատ հստակ է ասել, որ ամերիկացիներին չենք պարտադրի մեկնել Ռուսաստան հարցաքննության համար: Չգիտեմ, թե ինչու է այս հարցի շուրջ այսքան աղմուկ բարձրացել»:

«Ուզում եմ, որ մարդիկ այստեղ հանգիստ լինեն»,- ասել է Փոմփեոն:

Սակայն հատկապես դեմոկրատները չեն կարողանում հանգստանալ, եւ ուզում են հաստատ պարզել, թե արդյոք ընտրությունների ժամանակ ռուսական միջամտությունն ազդել է ընտրությունների արդյունքի վրա:

Ներկայացուցիչների տան փոքրամասնության ղեկավար Նենսի Փելոսին ասում է, թե Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակ Թրամփն ակնհայտորեն վախեցած էր թվում Պուտինի ներկայությամբ:

«Ինչի՞ց էր նա վախենում: Ինչո՞վ է Պուտինը շանտաժի ենթարկում Թրամփին»,- հրապարակային հարց է ուղղել Փելոսին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում Հատուկ հետաքննչական խումբն աշխատում է պարզել, թե արդյոք Թրամփը ռուսների հետ եկել է համաձայնության ընտրություններում իր հաղթանակն ապահովելու համար: Հանրապետականները հերքում են այդ հնարավորությունը: Սակայն դեմոկրատների հետ միասին հանրապետականներն էլ են գտնում, որ Ռուսաստանը կփորձի նաեւ միջամտություն ցուցաբերել նոյեմբերյան միջանկյալ ընտրություններում, ինչի դեմ, ասում են նրանք, հարկավոր է բանեցնել ամեն միջոց:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին