Ղազախստանում էքսկավատորի վարորդի վրա տասնյակ տոննա լեռնային ապար է թափվել, սակայն վերջինիս հաջողվել է փրկվել:
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան Վասիլկովսկի լեռնահարստացման կոմբինատում: Ապարը լցվել է էքսկավատորի վրա, որում այդ պահին աշխատելիս է եղել 25-ամյա տղամարդը:
Հաղորդվում է, որ տուժածի փրկարարական աշխատանքները 12 ժամ են տևել, քանի որ քարերը շատ ծանր են եղել: Դրանք տեղաշարժել են ճոպանի օգնությամբ, որն էլ անընդհատ կտրվել էր:
Մասնագետների գնահատմամբ՝ մեքենայի վրա շուրջ 80 տոննա քար է ընկել: Փլատակների տակ հայտնված տղամարդը ողջ ընթացքում գիտակցությունը չի կորցրել, սակայն վնասվել է նրա ոտքը:
Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, սակայն չի նշվում, թե ինչ վիճակում է նա գտնվում: Փրկարարական արշավին, ընդհանուր առմամբ, 60 մարդ է մասնակցել: