Կարևոր իրադարձություններ

Մերիլ Սթրիփը, Շերը, այլ հայտնի աստղեր և «Աբբա»-ի հիթերը՝ 10 տարի անց նկարահանված Маmma Mia! 2 մյուզիքլում

21 Հուլիս, 2018 21:12
Մերիլ Սթրիփը, Շերը, այլ հայտնի աստղեր և «Աբբա»-ի հիթերը՝ 10 տարի անց նկարահանված Маmma Mia! 2 մյուզիքլում

Տաս տարի է անցել այն պահից, երբ Mamma Mia! հանրահայտ մյուզիքլը վերածվեց համաշխարհային կինոհիթի: 50 մլն դոլար բյուջեով նկարահանված ֆիլմի շահույթը ողջ աշխարհում գերազանցել էր 600 մլն-ը: Իսկ հանդիսատեսն անդադար զվարճանում էր լեգենդար «Աբբա» խմբի Dancing Queen, Take A Chance On Me, Super Trouper և այլ երգերի ներքո:

Ինչպես գրում է BBC-ն, զարմանալի չէ, որ առաջին մասին հաջորդել է Mamma Mia! Here We Go Again (Mamma Mia! 2) ֆիլմը, որի բյուջեն կազմել է 75 մլն դոլար: Ֆիլմի պրեմիերան կայացել է հուլիսի 18-ին և չի բացառվում, որ ժապավենի համաշխարհային եկամուտը հավասարազոր կլինի առաջին մասի շահույթին:

Երկրորդ ֆիլմի սցենարիստն ու ռեժիսորը Օլ Փարքերն է: Mamma Mia! 2-ը միաժամանակ և՛ շարունակություն է, և՛ նախաբան, այսինքն՝ ֆիլմը կիսով չափ բաղկացած է հետահայաց դրվագներից և հիշողություններից

Ինչպես և առաջին մասում գործողությունները տեղի են ունենում Հունաստանում, սակայն ֆիլմի նկարահանումներն, ի տարբերություն առաջին մասի, իրականացվել են Խորվաթիայի Վիս կղզում:

Նոր ռեժիսորին հաջողվել է հավաքել հին աստղային թիմը, որի կազմում է նաև 69-ամյա Մերիլ Սթրիփը, որը մարմնավորում է Դոննա Շերիդանին: Մինչդեռ երիտասարդ Դոննայի դերը մարմնավորել է բրիտանուհի Լիլի Ջեյմսը:

Իսկ 72-ամյա Շերը ոչ միայն մարմնավորում է Դոննայի մոր կերպարը, այլև երգում է Fernando բալլադը, ինչը «Աբբա» խմբի և երգչուհու երկրպագուներին հիացրել էր նույնիսկ մինչև պրեմիերան:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին