Կարևոր իրադարձություններ

Իրանն ԱՄՆ-ի պատճառով սպառնում է արգելափակել Հորմուզի նեղուցը

21 Հուլիս, 2018 20:50
Իրանն ԱՄՆ-ի պատճառով սպառնում է արգելափակել Հորմուզի նեղուցը

Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին հավանություն է տվել երկրի նախագահ Հասան Ռոհանիի՝ նավթի մատակարարումներն արգելափակելու մասին առաջարկին:

«Եթե իրանական նավթի արտահանումն արգելվի, ապա ոչ մի այլ երկիր տարածաշրջանում նույնպես նավթ չի արտահանի»,- DW.com-ի փոխանցմամբ՝ ասվում է Խամենեիի հայտարարության մեջ, որը հուլիսի 21-ին հրապարակվել է նրա կայքում:

Խամենեին Իրանի ԱԳ նախարարին կոչ է արել խստորեն հետևել նախագահի դիրքորոշմանն այդ հարցում: Ռոհանին ավելի վաղ սպառնացել էր արգելափակել միջազգային շուկա նավթի մատակարարումը Հորմուզի նեղուցով, եթե ԱՄՆ-ն հասնի նրան, որ մյուս երկրներն այլևս նավթ չգնեն Իրանից:

Հորմուզի նեղուցով Պարսից ծոցը միանում է Օմանի ծոցին, այնուհետև Արաբական ծովին և Հնդկական օվկիանոսին: Բահրեյնը, Քաթարը և Քուվեյթը կարող են նավթ արտահանել միայն այդ նեղուցով, քանի որ այլ ելքեր դեպի ծով չունեն:

Այդ նեղուցով են երթևեկում նաև Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Իրաքի տանկերները:

Հորմուզի նեղուցով է իրականացվում ողջ աշխարհում արտահանվող նավթի մատակարարման մեկ հինգերերոդը, որի զգալի մասը հասնում է Չինաստան, Ճապոնիա, Հնդկաստան, Հարավային Կորեա և Սինգապուր:

 

Լրահոս

Դիտել ավելին