Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    552
    560

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԳՆ ղեկավարը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ԱԳՆ 25-ամյակի կապակցությամբ

20 Հուլիս, 2018 21:59
ՀՀ ԱԳՆ ղեկավարը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ԱԳՆ 25-ամյակի կապակցությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ։

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է․ 

«Մոտ երեք տասնամյակ առաջ համայն հայությունը միահամուռ կերպով ոտքի կանգնեց՝ սատարելու ինքնորոշման իրավունքի իրացման ուղին բռնած Արցախի ժողովրդին: Տպավորիչ է, որ չնայած պատերազմի ծանր հետևանքներին և տնտեսական շրջափակմամբ պայմանավորված մարտահրավերներին՝ Արցախի ժողովուրդն ապացուցեց իր վճռականությունը և կարողությունը՝ կառուցելու կենսունակ և ժողովրդավարական արժեքների վրա հիմնված պետություն՝ կյանքի կոչելով պայքարի գաղափարախոսների՝ հզոր և ինքնիշխան Արցախ կերտելու երազանքը։

Այս տարիների ընթացքում արցախահայությունը ստեղծել է կայուն պետականություն՝ իրեն բնորոշ բոլոր հատկանիշներով, հասարակության, կանանց և երիտասարդների ակտիվ ներգրավմամբ հաստատել պետական գործուն կառույցներ, որոնցից է նաև արդեն քառորդդարյա հոբելյանը նշող Արցախի արտաքին գործերի նախարարությունը։

Ի հեճուկս բոլոր սահմանափակումների, ճնշումների և մարտահրավերների՝ Արցախի արտաքին գործերի նախարարությունն իր անձնակազմի ամենօրյա նվիրյալ աշխատանքի շնորհիվ հետևողականորեն կրում է իր կարևոր առաքելությունը՝ ուղղված Արցախի միջազգային ճանաչմանը, միջազգային հարթակում արցախահայության ձայնը լսելի դարձնելուն և երկրի անվտանգության ամրապնդմանը։

Մեր երկու գերատեսչությունների միջև հաստատված սերտ համագործակցությունը բազմիցս ապացուցել է իր արդյունավետությունը միջազգային հարթակում արցախահայության շահերի պատշաճ ներկայացման առումով։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ այս հոբելյանի առիթով և ցանկանում հավակնոտ ծրագրեր ու ապագային միտված առաջադեմ նախագծեր՝ ի բարօրություն ողջ արցախահայության»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին