Կարևոր իրադարձություններ

Արմեն Աշոտյանի պատասխանը վարչապետի կողմից արված ձևակերկումներին

20 Հուլիս, 2018 18:15
Հեղինակ՝ Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանի պատասխանը  վարչապետի  կողմից արված ձևակերկումներին

ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը  ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում արտաքին քաղաքականությանը վերաբերող տեսակետներին՝ գրում է.

 

«Հայաստանի արտաքին քաղաքականության և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ գործող իշխանությունների հետ իմ հեռակա բանավեճերն ավանդույթ են դառնում։ Իհարկե, աշնանային նստաշրջանում ասելիքի մեծ մասը կտեղափոխվի ԱԺ նիստերի դահլիճ:

Իսկ այսօր անդրադառնամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում հնչեցրած որոշ տեսակետներին:

1. Արցախ

Ակնհայտ է դառնում, որ վարչապետը հետևողականորեն մեղմում է Ստեփանակերտում մայիսի 9-ին հնչեցրած կոշտ ձևակերպումները՝ բանակցային ձևաչափի փոփոխության հետ կապված, և գործընթացը վերադարձնում նախկինում եղած հունին՝ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու պատրաստակամություն, կարգավորման սցենարի քննարկումից առաջ վստահության մթնոլորտի վերականգնման և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների անշեղ և լիարժեք կատարման (Վիենա, Սանկտ Պետերբուրգ, Ժնև) անհրաժեշտություն, Ղարաբաղի ժողովրդի որոշիչ ձայնի իրավունք կարգավորման համապատասխան փուլում:

 

2. Ռուսաստան

Խոցելի եմ համարում հնչած ձևակերպումը, որով հնարավոր պատերազմի վերսկսման վտանգը կանխելու հիմնական պատասխանատվությունը դրվում է Ռուսաստանի վրա: Իհարկե, Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում ահռելի է: Սակայն այդ միտքը մի քանի անգամ կրկնելով՝ Նիկոլ Փաշինյանը մի կողմից՝ պատերազմի վերսկսման պատասխանատվությունից մի տեսակ ազատում է Իլհամ Ալիևին, մյուս կողմից՝ թերագնահատում այլ գերտերությունների տեսանելի շահերը և գործողությունները տարածաշրջանում:

3. ԵՄ

Բրյուսելյան այցից հնչած հիասթափությունից.հետո ճիշտ հետևություններ չեն արվել: Փաստացի մեղադրելով ԵՄ-ին սեփական սկզբունքներն անտեսելու մեջ և շեշտադրելով ԱՎԵԼԻՆ ԱՎԵԼԻԻ ԴԻՄԱՑ դրույթը՝ վարչապետը կրկին մոռացավ, որ այդ դրույթը գործում է ոչ թե ԱՎԵԼԻ հնչեղ լոզունգների, կամ ԱՎԵԼԻ էմոցիոնալ հայտարարությունների, այլ ԱՎԵԼԻ արագ բարեփոխումների, ԱՎԵԼԻ ինստիտուցիոնալ լուծումների, ԱՎԵԼԻ շոշափելի արդյունքների դեպքում: Այնինչ ներկա պահին Հայաստանը չի կատարել Համապարփակ համաձայնագրով նախատեսված գեթ մեկ գործողություն կամ բարեփոխում»:

 

Լրահոս

Դիտել ավելին