Կարևոր իրադարձություններ

Սազու՞մ է. Փաշինյանը՝ սուպերվարչապետական , Սերժ Սարգսյանի համար նախատեսված «կոստյում»-ի մասին

20 Հուլիս, 2018 14:45
Սազու՞մ է. Փաշինյանը՝ սուպերվարչապետական , Սերժ Սարգսյանի համար նախատեսված «կոստյում»-ի մասին

Փաշինյանը կրում է սուպերվարչապետական կոստյումը, որը պատրաստվել էր Սերժ Սարգսյանի հագով, արդյո՞ք հարմարավետ է զգում իրեն դրա մեջ եւ չի ցանկանում դրանից հրաժարվել եւ բալանսավորել վարչապետի եւ նախագահի լիազորությունները։ Ասուլիսի ժամանակ հետաքրքրվեց լրագրողներից մեկը:

«Սազո՞ւմ է»,– հարցին ժպիտով արձագանքեց վարչապետը, եւ շարունակեց.

«Դուք ասում եք վարչապետի եւ նախագահի լիրազորությունների բալանսավորման մասին, իսկ ո՞վ է ասում, որ բալանսավորումը պետք է լինի դրանց միջեւ, եւ բալանսավորումը չի կարող տեղի ունենալ վարչապետի եւ նախագահի միջեւ։ Օրինակ, դուք գիտեք՝ ո՞վ է Գերմանիայի նախագահը։ Գիտեք, շնորհավորում եմ ձեզ այդ կապակցությամբ, որովհետեւ շատերը չգիտեն։ Եթե պետությունը կարող է ունենալ երկու ղեկավար, ուրեմն դա այդ պետության վերջն է։ Հայաստանի Հանրապետությունում պետությունը չի կարող ունենալ երկու ղեկավար, ինչպես Գերմանիան չի կարող ունենալ երկու ղեկավար։ Հայաստանում այսօր հաստատված է խորհրդարանական համակարգ, եւ հետեւաբար, իշխանությունը, պետության պատասխանատվությունը եւ ղեկավարումը դրված է կառավարության եւ վարչապետի վրա։ Բալանսավորումը չի կարող տեղի ունենալ վարչապետի եւ նախագահի միջեւ։ Բալանսավորումը պետք է տեղի ունենա օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների միջեւ։ Թեեւ չեմ բացառում, որ նախագահի ինստիտուտի համար եւս մեկ-երկու արարողակարգային լիազորություններ ավելացնենք»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հայտարարեց, որ ժամանակին ասել է՝ այս համակարգով ավելի հեշտ է իշխանափոխություն անել, քան նախորդ համակարգով.

«Հիշում եմ, ներկա էին լրագրողներ, շատերն ասում էին՝ այս ինչ է.. պարզվեց, բացահայտվեց ամեն ինչ։ Համաձայն եմ, որ այդ բալանսավորումը պետք է տեղի ունենա, եւ այդ մասին արդեն հայտարարել եմ որպես վարչապետի թեկնածու, բայց ուզում եմ, որ բոլորս գիտակցենք, որ դա մի օրում տեղի չի ունենալու։ Եթե դա տեղի ունենա մի օրում, եւ տեղի ունենա այնպես, որ չապահովի պետական կառավարման համակարգի կայունությունը՝ մենք կունենանք լուրջ խնդիրներ»,- եզրափակեց նա։

 

Լրահոս

Դիտել ավելին