Կարևոր իրադարձություններ

Ադրբեջան այցելած հայազգի բլոգերի հարազատների հանդեպ Բելառուսում հետապնդումներ են սկսվել

20 Հուլիս, 2018 10:10
Ադրբեջան   այցելած հայազգի բլոգերի հարազատների հանդեպ Բելառուսում հետապնդումներ են սկսվել

Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգեր Վլադ Մագան (Վլադիսլավ Մովսեսով) YouTube-ի իր պաշտոնական ալիքում նոր տեսանյութ է հրապարակել՝ արդեն Երևանից: Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունները թույլատրել են իրեն պաշտոնապես հայտնել իր գտնվելու վայրի մասին։

«Իշխանություններն արդեն ինձ կացարան են տրամադրել։ Դրա հետ, իհարկե, խնդիրներ կան, քանի որ հիմա ամառ է, և մենք չենք կարող որևէ բնակարան գտնել։ Ես տեղափոխվում եմ հյուրանոցից հյուրանոց, տնից տուն, վազքի մեջ եմ։ Այսօր ցանկանում էի ուրախացնել ձեզ իմ նոր կացարանի տեսանյութով, քանի որ հարցը գրեթե լուծվել էր, սակայն վերջին պահին ամեն բան խափանվեց։ Եվ ես նորից ինչ-որ փոքրիկ սենյակում եմ։ Շուտով ամեն բան կլուծվի։ Ես վստահ եմ», - ասել է բլոգերը։


Նրա խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները հատել են թույլատրելի բոլոր սահմաններն ու այժմ կարևոր խնդիր է իր ընտանիքի ու մտերիմների անվտանգությունը, քանի որ բլոգերը տեղեկություններ ունի, որ իր հարազատների հանդեպ Բելառուսում հետապնդումներ են սկսվել։

«Ինձ զգուշացնում էին, որ նրանք կարող են գալ ոչ միայն իմ հետևից, այլև իմ ընտանիքի, ընկերների հետևից։ Ես ասում էի՝ դե չէ, սա հո 1990-ականները չեն, չի կարող նման բան լինել։ Եվ ես, փաստորեն, թերագնահատում էի իրավիճակը։ Եվ նրանք եկան։ Նրանք եկան իմ թաղամաս, իմ քաղաք, սկսել են հարցնել՝ գիտե՞ն արդյոք Վլադիսլավ Մովսեսովին, որտե՞ղ են ապրում իմ ընկերները և հարազատները։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ ես այդպես էլ չէի իմանա այդ մասին, եթե նրանք այդ հարցումների ժամանակ չբախվեին ընկերներիս։ Երեք հոգի։ Հաջորդ օրը մայրս տեսնում է, որ շքամուտքի մոտ շրջում են... Այժմ այս ամենը վերաբերվում է ոչ միայն ինձ, այլև իմ շրջապատին, և ես գնալու եմ մինչև վերջ, որովհետև ես գիտեմ, թե ինչից են վախենում նրանք, և դրանցից մեկը ճշմարտությունն է»,- ասել է բլոգերը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին