Իրաքի հարավային քաղաքներում հուլիսի 8-ից սկսված զանգվածային բողոքի ցույցերի հետևանքով մահացել է առնվազն 12 մարդ, 571-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այս մասին հայտնում է«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Իրաքում մարդու իրավունքների բարձրագույն կոմիսարիատին հղումով։
«Տուժածներից 195-ը խաղաղ բնակիչներ են, մնացյալը՝ անվտանգության ուժերի ներկայացուցիչներ»,- ասվում է կոմիսարիատի հաղորդագրությունում։
Համաձայն փաստաթղթի՝ այս ընթացքում ավերվել է 47 շինություն, դրանցից 18-ը՝ կառավարական շենքեր, այրվել է 25 ավտոմեքենա։ Ձերբակալվել է 302 ցուցարար։
Իրաքի հարավում բողոքի ցույցերը սկսվել են հուլիսի 8-ից՝ Բասրա նավահանգստային քաղաքից։ Իրավիճակը սրվել է նախորդ կիրակի ցուցարարի մահից հետո։ Ցուցարարները բողոքում են գործազրկության և կոմունալ ոլորտի վատ վիճակի դեմ։ Մասնավորապես՝ ցուցարարները պահանջում են իշխանություններից վերջ դնել էլեկտրամատակարարման ու ջրամատակարարման խափանումներին։ Իրավիճակն է՛լ ավելի է սրել +50 աստիճան շոգը։