Կարևոր իրադարձություններ

Մենք միշտ ճշմարտախոս ենք եղել. Լևոն Զուրաբյան. «Փաստ»

20 Հուլիս, 2018 09:55
Մենք միշտ ճշմարտախոս ենք եղել. Լևոն Զուրաբյան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Փաստ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ դեռևս չի քննարկվել Երևանի ավագանու ընտրություններին իրենց կուսակցության մասնակցել–չմասնակցելու հարցը: Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրությունները չքաղաքականացնելուն, ապա կուսակցության փոխնախագահն ասաց, որ առաջիկայում ընդհանուր կանդրադառնան, թե ընդհանրապես այդ և այլ հարցերի մասին ՀԱԿ–ն ինչ է մտածում:

«Մենք, ի սկզբանե, դեմ ենք եղել ռեյտինգային ընտրակարգին և կողմ ենք եղել փակ համամասնական ցուցակին: Դա միայն մեր կուսակցության դիրքորոշումը չէ: Եվ 2016 թվականին, բացի Հանրապետականից, այդ դիրքորոշումն են ունեցել մնացած բոլոր կուսակցությունները: Բայց հիմա անհասկանալի առաջարկներ են քննարկվում, մինչդեռ պարզ է, որ քաղաքական կուսակցություններն ու հասարակությունը կողմ են 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին:

Երկրում հեղափոխություն է տեղի ունեցել, և ինչպես նոր կառավարության ծրագրում, այնպես էլ Փաշինյանի հայտարարություններում խնդիր էր դրված, որ պետք է անցում կատարենք փակ համամասնական ցուցակով ընտրություններ կազմակերպելու տարբերակին: Եվ եթե այդ մոտեցումը  չընդունվի, ես կհամարեմ, որ հեղափոխությունը լուրջ հետընթաց է ապրել»,– ասաց Լ. Զուրաբյանը:

Ի դեպ, վերջին շրջանում մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ ՀԱԿ առաջնորդ Լ. Տեր–Պետրոսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը միայն արցախյան հարցի շուրջ քննարկումներ չեն եղել: Ավելին, խոսվեց, որ քննարկվել է նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ–ՔՊ միասնական ցուցակով մասնակցելու հարցը, որի վերաբերյալ ՀԱԿ կուսակցության կողմից տարածած հաղորդագրության մեջ որևէ խոսք չկա:

Հարցին, թե իրականում նման քննարկում եղե՞լ է, Լ. Զուրաբյանը պատասխանեց, որ այս ընթացքում ինքն անձամբ չի հանդիպել Լ. Տեր–Պետրոսյանի հետ: Միևնույն ժամանակ խորհուրդ տվեց իրենց կուսակցության կողմից տարածած հաղորդագրությանը հավատալ, քանի որ իրենց կուսակցությունում ավանդույթ կա, որ ինչի մասին խոսում են, դրա մասին էլ հայտարարություն են տարածում: 

Մենք միշտ ճշմարտախոս ենք եղել, և առաջարկում եմ որևէ բան չմոգոնել և հավատալ այն ամենին, ինչի մասին որ մենք ասում ենք, քանի որ մենք երբեք ժողովրդից թաքցնելու բան չենք ունեցել»,– ասաց Լ. Զուրաբյանը:

Խոսելով հասարակության շրջանում ծավալվող այն քննադատությունների մասին, թե վերջին շրջանի կոռուպցիոն բացահայտումների պատճառն անկախության տարիներից սխալ դրված հիմնաքարերի պատճառով է եղել, Լ. Զուրաբյանն ասաց, որ ինքը նման քննադատության չի հանդիպել: Ներկա իրավիճակի համար անուղղակի կերպով մեղադրանքի սլաքները դեպի տերպետրոսյանական տարիներն ուղղելը, որի պատճառը նաև ձևավորված անառողջ հարաբերությունների և մթնոլորտն ու շատ հարցերի վրա աչք փակելն է եղել, չի համապատասխանում իրականությանը, համոզված է կուսակցության փոխնախագահը: 

Ավելին, իրենք վստահ են, որ ներկա «ավազակապետական համակարգը» ձևավորվել է 98–ից ի վեր, որը հետագայում տիրապետող է դարձել մեր հասարակության մեջ: Ըստ Զուրաբյանի, Հայաստանում համակարգային կոռուպցիոն բուրգային համակարգ ձևավորվել է այդ ժամանակվանից և հիմա այն բացահայտվում է: Ու քանի որ Հայաստանում ոչինչ թաքցնել հնարավոր չէ, ուստի եթե մինչև 98–ը որևէ նման բան եղած լիներ, հասարակությունը դրա մասին վաղուց կիմանար, քանի որ վաղուց բացահայտված կլիներ: 

«Հատկապես այն պատճառով, որ Տեր– Պետրոսյանին փոխարինած իշխանություններն ամեն ջանք գործադրեցին, որպեսզի արատավորեն առաջին նախագահին, սակայն չկարողացան ոչինչ բացահայտել, քանի որ որևէ փաստ չունեին: Եվ երբ Լ. Տեր–Պետրոսյանը ավազակապետություն ձևավորելու մեջ մեղադրում էր Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, հիմա է պարզվում, երբ բազմաթիվ փաստեր են բացահայտվում: Եվ դա ընդամենը երկու ամսում: Ու դեռ ինչեր կբացահայտվեն»,– ասաց Լ. Զուրաբյանը:

Նա խորհուրդ տվեց հասարակությանը բանավեճի առարկա դարձնել ոչ թե այս կամ այն ֆեյքի հայտարարությունը, այլ լուրջ քաղաքական ուժի կամ հասարակական կառույցի կողմից կատարվող քննադատությանը, այն էլ այն դեպքում, երբ լուրջ կառույցների կողմից կոնկրետ փաստեր են ներկայացնում:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին