Կարևոր իրադարձություններ

«Արարատ 73»–ի դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը առողջական խնդիրներ ունի և մատնված է անտարբերության. «Փաստ»

20 Հուլիս, 2018 08:08
«Արարատ 73»–ի դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը առողջական խնդիրներ ունի և մատնված է անտարբերության. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայկական ֆուտբոլի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ հարցազրույց վերցնելու նպատակով երեկ զանգահարեցինք ԽՍՀՄ չեմպիոն, «Արարատ 73»–ի դարպասապահ Ալյոշա Աբրահամյանին: Հեռախոսը վերցրեց կինը` Լիանա Ներսիսյանը՝ ասելով, որ Ալյոշա Աբրահամյանն արդեն մի քանի ամիս է՝ առողջական լուրջ խնդիրներ ունի: 

«Կոմայի մեջ է եղել, նույնիսկ բժիշկներն էլ չէին հավատում, որ կենդանի կմնա, հազիվ փրկեցինք: Սրտային, թոքային անբավարարություն կա, լյարդն էր շարքից դուրս եկել: Կոմայից հետո լյարդը վերականգնվեց, բայց բժիշկն ասաց, որ առանց դեղերի անհնար է: Ասաց` շատ գումար է պետք, որովհետև տարին 2 անգամ պետք է հիվանդանոցում պառկի: Չորս անգամ պառկել է հիվանդանոցում: Բարեկամությունը հույս չուներ, բայց Աստված իրեն կյանք տվեց: Արդեն քանի ամիս թթվածնով էինք պահում: Հիմա ժամանակ է պետք, որ վերականգնվի»,–ասաց նա` հավելելով, որ այս ընթացքում բուժման համար շուրջ 15 հազար դոլար են ծախսել: 

Նա հայտնեց նաև, որ այս պահի դրությամբ յուրաքանչյուր ամիս 50–60 հազար դրամի դեղորայք են գնում:

Ալյոշա Աբրահամյանի տիկինը անհարմար էր զգում խոսել` անընդհատ շեշտելով, որ չի ցանկանում տպավորություն ստեղծվի, թե գումար է խնդրում: Բայց ստացվում է, որ եթե չլիներ մեր պատահական զանգը, չէինք տեղեկանա նաև այն վերաբերմունքի մասին, որին արժանացել է Ա. Աբրահամյանը: 

Տիկին Լիանայից հետաքրքրվեցինք՝ այս ընթացքում ՀՖՖ–ից կամ պետական մակարդակով որևէ արձագանք եղե՞լ է:

Ի պատասխան ասաց. «Մենք ոչ ոքից ոչ մի օգնություն չենք ստացել: Նույնիսկ չեն հետաքրքրվել: Ո՞վ է գոնե հարցնում` ո՞նց է»: Աջակցություն չեն ստացել, բայց տիկին Լիանան ևս չի դիմել որևէ մեկի օգնությանը. «Ասում են` դիմի՛ր Նիկոլ Փաշինյանին: Բայց ամոթ չէ՞: Շատ երեխաներ կան, ովքեր քաղցկեղ ունեն, ես ինչպե՞ս ամուսնուս համար դիմեմ»:

Ինչ վերաբերում է կոնկրետ ՀՖՖ–ին, նա ասաց. «Ֆեդերացիան «Արարատ 73»–ին չի սիրում: Ռուբեն Հայրապետյանը միշտ էլ չի սիրել «Արարատ 73»–ին: Լսել եմ խոսակցություններ այն մասին, որ միշտ ասել է` ինչո՞ւ եք այդ անունը տալիս: Ասել է՝ պետք չի նրանց անունը շուտ–շուտ տալ, ջահելներն իրենք պետք է մտածեն` ոնց խաղան, նրանց հիշելով պետք է խաղա՞ն»:

Շարունակելով` տիկին Լիանան մի փոքր հուզմունքով ավելացրեց. «Ջահելները չեն էլ տեսել, այո՛, բայց տարեցները գիտեն:

Ասում են` Հայաստանի ամենալավ դարպասապահն է: Բայց ո՞վ է հիմա հիշում»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին