Կարևոր իրադարձություններ

Զոհրապ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

19 Հուլիս, 2018 23:40
Զոհրապ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

Հուլիսի 19-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպեց Միավորված ազգերի կազմակերպության քաղաքական դեպարտամենտի ղեկավար, գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոսմարի Դիկարլոյի հետ, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց տարբեր բնագավառներում ՄԱԿ-ի հետ հաստատված արդյունավետ փոխգործակությունը՝ ընդգծելով Հայաստանի նոր կառավարության պատրաստակամությունը համատեղ քայլերով էլ ավելի խորացնելու և ընդլայնելու դրա օրակարգը:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալի խնդրանքով՝ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները և նոր կառավարության ծրագրի առաջնահերթությունները:


Նախարարն ընդգծել է, որ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա կառավարությունը հաստատակամ է շարունակելու երկրում բարեփոխումների գործընթացը՝ ուղղված օրենքի գերակայության, արդարադատության, տնտեսական և սոցիալական ոլորտում հավասար հնարավորությունների ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին։

Արտահերթ ընտրությունների անցկացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների համատեքստում Զոհրաբ Մնացականյանը կարևորել է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՄԱԿ կառույցների հետ ակտիվ և արդյունավետ համագործակցությունը դրանց պատշաճ կազմակերպման նպատակով։

ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առնչությամբ հայկական կողմի մոտեցումներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Բրյուսելում կայացած ճանաչողական բնույթի հանդիպման արդյունքները։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին