Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ-ն հրապարակել է Ադրբեջանի նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը

19 Հուլիս, 2018 20:16
ԵԱՀԿ-ն հրապարակել է Ադրբեջանի նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հուլիսի 18-ին հրապարակել է Ադրբեջանում ապրիլի 11-ին կայացած նախագահական արտահերթ ընտրությունների մասին վերջնական զեկույցը և կոչ արել բարեփոխել երկրի Ընտրական օրենսգիրքը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
 
ԺՀՄԻԳ-ն Ադրբեջանին կոչ է արել ընտրական օրենսդրությունը մինչև հաջորդ ընտրություններ համապատասխանեցնել միջազգային չափանիշներին և ստանձնած պարտավորություններին:
 
Զեկույցում նշված է, որ պետք է անցկացվի ընտրության օրը գրանցված խախտումների պատշաճ հետաքննություն, դիտարկվեն ընտրատեղամասերի տեսախցիկների աշխատանքը, ստորագրված ընտրացուցակներն, ինչպես նաև վավեր և անվավեր քվեաթերթիկները:
 
ԵԱՀԿ (ԺՀՄԻԳ) զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում գործող կայքերի արգելափակման և արգելման գործառույթը դատարաններին փոխանցելու հարցը, առաջարկ է կատարվել զրպարտությունը ապաքաղաքականացնելու վերաբերյալ:
 
Զեկույցի համաձայն՝ ընտրությունների ժամանակ գրանցվել են բազմաթիվ խախտումներ, իշխանությունների կողմից պետական սեկտորի աշխատակիցների ուղղորդման դեպքեր:
 
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով երկրում արտահերթ նախագահական  ընտրություններն անցկացվեցին  2018 թվականի ապրիլի 11-ին՝ հոկտեմբերի 17 փոխարեն:  Միջազգային մի շարք կազմակերպությունների կարծիքով՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ որոշումը չի պարունակել փաստարկներ, որոնք կարող էին հիմնավորել դրանց անցկացման քաղաքական անհրաժեշտությունը: Հրամանագիրը ստորագրվել էր առանց խորհրդարանում բաց քննարկումներ կազմակերպելու:
 

Լրահոս

Դիտել ավելին