Կարևոր իրադարձություններ

Մտածեք հետևանքների մասին. Պուտինը նախազգուշացրել է Ուկրաինային և Վրաստանին՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մտադրության առնչությամբ

19 Հուլիս, 2018 16:40
Մտածեք հետևանքների մասին. Պուտինը նախազգուշացրել է Ուկրաինային և Վրաստանին՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մտադրության առնչությամբ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ  դեսպանների ու մշտական ներկայացուցիչների հետ հանդիպմանն ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան համարժեք արձագանք է տալու ՆԱՏՕ-ի կողմից ագրեսիվ քայլերին, և նրանք, ովքեր ցանկանում են հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալ՝ այդ թվում նաև Ուկրաինան ու Վրաստանը, պետք է գիտակցեն նման քաղաքականության հետևանքները:

«Նման ագրեսիվ քայլերին, որոնք անմիջական սպառնալիք են ներկայացնում Ռուսաստանի համար, արձագանքելու ենք համարժեք ձևով: Իրավիճակը սրել ցանկացող ու հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալու մտադրություն ունեցող մեր գործընկերները՝ այդ թվում նաև Վրաստանն ու Ուկրաինան, ճիշտ կանեին, եթե մտածեն նման անպատասխանատու քաղաքականության հետևանքների մասին»,-Պուտինի խոսքը մեջբերել է Russia Today-ը:

ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ Եվրոպայում անվտանգության հիմքը համագործակցության զարգացումն ու փոխադարձ վստահությունն են:

«Եվրոպայում անվտանգության և կայունության բանալին համագործակցության ընդլայնումն ու վստահության վերականգնումն է, այլ ոչ թե ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի նոր ռազմակայանների ու ռազմական ենթակառուցվածքների տեղակայումը, ինչն էլ այժմ տեղի է ունենում»,-շարունակել է ՌԴ նախագահը: 

Ավելի վաղ  Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը ծայրահեղ բացասական է վերաբերվում վերոհիշյալ երկու երկրների՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հավակնություններին: Պուտինն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի՝ ռուսական սահմաններին մոտեցումը անմիջական սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգությանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չէր բացառել, որ մի օր Վրաստանը կարող է  դառնալ ՆԱՏՕ-ի անդամ:

 

Լրահոս

Դիտել ավելին