Կարևոր իրադարձություններ

Ծեծկռտուք Հաղարծինում. Բնակչուհին տեղափոխվել է հիվանդանոց

19 Հուլիս, 2018 15:56
Ծեծկռտուք Հաղարծինում. Բնակչուհին տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 18-ին «Բնապահպանի տուն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ, ապօրինի անտառահատումների դեմ պայքարի շրջանակում, ակցիա են իրականացրել Դիլիջանի համայնքի Հաղարծին բնակավայրում, որի ընթացքում վեճ, ապա և ծեծկռտուք է սկսվել նրանց ու բնակիչների միջև:
Շտապ դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները միջոցներ են ձեռնարկել ծեծկռտուքը դադարեցնելու, կողմերին օրինականության դաշտ բերելու, ինչպես և դեպքի պատճառներն ու մասնակիցների ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Նույն օրվա երեկոյան «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Հաղարծինի բնակչուհի, 1930 թ. ծնված Ռոզա Թ.-ն, որը հիվանդանոց մեկնած ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խմբին հաղորդում է տվել, որ ժամը 19.00-ի սահմաններում իրենց տնից ոչ հեռու նկատել է հավաքված երիտասարդների ու հարցրել է, թե ինչու են հավաքվել: Երիտասարդները պատասխանել են, թե պայքարում են ապօրինի ծառահատումների դեմ: Ըստ Ռոզա Թ.-ի` ինքը առաջարկել է հեռանալ իրենց թաղամասից, ինչից հետո երիտասարդներից մեկը անսպասելի հրել է նրան, ինչի հետևանքով կինը վայր է ընկել, ստացել մարմնական վնասվածքներ, ապա տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն: 
Ժամը 21.10-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում նույն բուժկենտրոնից հաղորդում է ստացվել, որ տարբեր տեսակի և աստիճանի մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել Դիլիջանի բնակիչ, 1991 թ. ծնված Հայկ Խ.-ն, Գյումրու բնակիչ, 1995 թ. ծնված Դավիթ Մ.-ն, Երևանի բնակիչ, 2001 թ. ծնված Գագիկ Ջ.-ն և Դիլիջանի բնակիչ, 2003 թ. ծնված Արծիվ Կ.-ն: 
Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին նրանք հայտնել են, որ իրենք «Բնապահպանի տուն» հ/կ անդամներն են և վնասվածքները ստացել են ժամը 17.30-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում տեղի ունեցած վերոհիշյալ ծեծկռտուքի երկու դեպքերի ժամանակ:
Ոստիկանության ձեռնարկած անհետաձգելի ու ծավալուն միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, ծեծկռտուքի ժամանակ երիտասարդներին մարմնական վնասվածքները պատճառել են Ռոզա Թ.-ի որդին ու թոռները:
Ոստիկանների հետագա գործողություններով Ռոբերտ, Գևորգ, Շահեն, Նվեր Մ.-երը հայտնաբերվել, բերվել են ոստիկանության բաժին ու տվել համապատասխան բացատրություններ:
Միջադեպի վերաբերյալ բացատրություններ են վերցվել նաև գյուղի տասնյակից ավելի բնակիչներից:
Տուժողների նկատմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին