Կարևոր իրադարձություններ

Արթուր Վանեցյանը մեկ անգամ հանդիպել է Ռուբեն Հայրապետյանին

19 Հուլիս, 2018 11:40
Արթուր Վանեցյանը մեկ անգամ հանդիպել է Ռուբեն Հայրապետյանին

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ կառաջադրվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ 

Հիշեցնենք, որ ՀՖՖ գործող նախագահ Ռուբեն Հայրապետյանն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե Արթուր Վանեցյանն առաջադրվի, ապա ինքը չի առաջադրվի։

Արթուր Վանեցյանը նաև բացահայտեց, որ ֆուտբոլասեր է և Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ երկրպագել է Ֆրանսիային, ով դարձավ չեմպիոն:

«Պատրաստ եմ առաջադրվել միայն այն դեպքում, երբ այսօրվա ֆուտբոլի մեր ներկայացուցիչներն ինձ հավաստիացնեն, որ իրենք էլ դեմ չեն, որ ես լինեմ ՀՖՖ նախագահ»,-հստակեցրեց ԱԱԾ տնօրենը։

Իսկ հիշեցմանը, որ օրեր առաջ Ռուբեն Հայրապետյանն ասում էր, որ չի նահանջելու և չի տալու իր պաշտոնը, իսկ հետո ասում է, որ Վանեցյանի առաջադրման դեպքում չի առաջադրվելու, հետևաբար՝ ի՞նչ փոխվեց արձագանքեց. «Այդ հարցն իրեն ուղղեք»:

 
 



ԱԱԾ պետը նաև լրագրողներին հաղորդեց, որ որքանով ինքն է տեղեկացված՝ հիմա ՀՖՖ-ի կարգավիճակի փոփոխություն է իրականացվում:

«Հիմա իրավաբանական անձանց միություն է, դառնում է հասարակական կազմակերպություններ և այնտեղ ժամկետներ կան՝ նոր ընտրություններ, նոր նախագահ և այլն»,-ավելացրեց Արթուր Վանեցյանը:

Դիտարկմանն էլ, որ հայկական ֆուտբոլային ակումբների կեսից ավելին ու նաև տարբեր ֆուտբոլիստներ վատ հարաբերություններ ունեն Ռուբեն Հայրապետյանի հետ, ԱԱԾ պետն արձագանքեց հետևյալ խոսքերով. «Նախ, օգտվելով առիթից, ուզում եմ խնդրել բոլոր տատանվող թիմերին անպայման մասնակցել առաջնությանը։ «Շիրակին», մյուս կոլեկտիվներին հորդորում եմ անպայման մասնակցել՝ անկախ նրանից, թե ինչ հարաբերությունների մեջ են գտնվում ֆեդերացիայի հետ»:

Արթուր Վանեցյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե Ռուբեն Հայրապետյանի բիզնեսներում եղե՞լ են ստուգումներ, տվեց բացասական պատասխան: Նա հավելեց, որ մեկ անգամ հանդիպել է Ռուբեն Հայրապետյանին:

 

Լրահոս

Դիտել ավելին