Կարևոր իրադարձություններ

Փոխվարչապետի Կամավոր ազգային զեկույցը Նյու Յորքում

19 Հուլիս, 2018 10:48
Փոխվարչապետի Կամավոր ազգային  զեկույցը Նյու Յորքում

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Նյու Յորքում Բարձրաստիճան քաղաքական ֆորումի ընթացքում ներկայացրել է Կամավոր ազգային զեկույցը։

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Միրզոյանն իր ելույթում  ասել է.

«Մեծարգո նախագահ,

Գերազանցություններ,

Տիկնայք և պարոնայք,

Հարգելի գործընկերներ,

Ուրախ եմ 2018 թվականի բարձրաստիճան քաղաքական ֆորումի շրջանակում ներկայացնել Հայաստանի Հանրապետության առաջին կամավոր ազգային զեկույցը։ Այս հավաքը գերազանց հնարավորություն է՝ վերահաստատելու Հայաստանի հավատարմությունը 2030-ի օրակարգին և Կայուն զարգացման նպատակներին։

Բարձրաստիճան քաղաքական ֆորումը պատշաճ հարթակ է մեր համաշխարհային օրակարգի հարցերին անդրադառնալու, ինչպես նաև՝ մեր ժողովուրդների և մեր երկրների ավելի լավ ապագայի երաշխավորման ուղղությամբ մեր հավաքական քաղաքական կամքը և հանձնառությունն ի ցույց դնելու համար։

Այս տարվա գարունը, ինչպես շատերդ եք թերևս տեղյակ, վճռորոշ և կտրուկ փոփոխությունների ժամանակաշրջան էր մեր Հանրապետության համար։ Մեր նոր կառավարությունն իշխանության եկավ ժողովրդավարական և խաղաղ հեղափոխության միջոցով, որը գերազանցեց շատերի երևակայության սահմանները թե՜ Հայաստանում, թե՜ արտերկրում։ Ակնհայտ զուգահեռներ եմ տեսնում մեր հեղափոխության և այսօր այս դահլիճում ծավալվող մեր աշխատանքների միջև։ Թույլ տվե՜ք մանրամասնել։

Իմ երկրում տարիներ շարունակ երազում էինք ժողովրդավար Հայաստանի մասին, որտեղ երաշխավորված կլինի իրավունքի գերակայությունը, կհարգվեն մարդու իրավունքները՝ ներառյալ ազատ և արդար ընտրությունների միջոցով կառավարություն ձևավորելու իրավունքը, պետական կառավարման համակարգում ապահովված կլինի թափանցիկության և հաշվետվողականության բարձր մակարդակը, արդյունավետ և բարեխիղճ պետական կառավարումը, լուրջ առաջընթաց կարձանագրվի կոռուպցիայի դեմ պայքարում, տնտեսությունը կլինի ազատ և իրապես մրցունակ, սոցիալական ինստիտուտները՝ ուժեղ, և ընդհանուր առմամբ՝ երկրի բնակիչները կլինեն ազատ, հպարտ, բարեկեցիկ և երջանիկ։

 

Այս երազանքն իրականություն դարձնելու համար մենք փորձել ենք և փորձել, չենք խնայել ջանք և եռանդ, մի քանի անգամ պարտվել ենք և կրել անդառնալի կորուստներ, սակայն երբևէ չենք համակերպվել, կանգ չենք առել և չենք հանձնվել։ Մեր սրտերում և մեր մտքերում պահել և փայփայել ենք ավելի լավ Հայաստանի մեր երազանքը, երբեք չենք դադարել երազել և կրկին ու կրկին փորձել։ Ի վերջո, հաջողության ենք հասել։

Մարտի վերջին օրերին սկսեցինք մեր նոր քայլերը՝ ունենալով ընդամենը մի քանի հետևորդներ. քայլելով մեկ-երկու շաբաթների ընթացքում անցանք մեր փոքր, բայց միևնույն ժամանակ մեծ երկրի տարածքով՝ ձյան, անձրևի և կիզիչ արևի ներքո, ապա՝ մուտք գործեցինք Հայաստանի մայրաքաղաք՝ Երևան, մոտ հարյուր հոգով, որից երկու-երեք շաբաթ անց, մեր ամբողջովին խաղաղ շարժման վերջին օրերին, ակտիվ մասնակիցների թիվը գերազանցեց մեկ միլիոնը՝ մեր երկրի բոլոր քաղաքների և գյուղերի փողոցներում և հրապարակներում։ Վայելում էինք մեր հասարակության բացարձակ օժանդակությունը, և ուրեմն՝ հաղթանակն անկասելի էր։

Եվ այսօր, որպես ժողովրդավար պետության լեգիտիմ կառավարություն, հստակ պատկերացում և կամք ունենք մեր մանդատն իրականություն դարձնելու, այսպես կոչված քաղաքացիական պայմանագիրը՝ պետության և քաղաքացիների միջև կնքվող հասարակական պայմանագիրը վերագնահատելու, պետականաշինության գործընթացը վերսկսելու, ընդգրկուն հիմնարար բարեփոխումներ մեկնարկելու համար, որոնք ուղղված կլինեն կոռուպցիան արմատախիլ անելուն, թափանցիկ, հաշվետու և արդյունավետ պետական կառավարում ձևավորելուն, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը երաշխավորելուն և ազատ և մրցունակ բիզնես-միջավայրի և ներդրումների համար բարենպաստ մթնոլորտի հիման վրա տնտեսական աճն ավելացնելուն։ Ցանկանում եմ հստակորեն ամրագրել. Հայաստանի նոր առաջնորդների համար սա զուտ քաղաքական հայտարարություն չէ։ Սրանք հեղափոխության և անձամբ մեր հիմնարար արժեքներն են՝ արժեքներ, որոնք պետք է կյանքի կոչվեն։

Այժմ անցնեմ զուգահեռներին։ Ինչպես նշեցի, մենք հավատ էինք տածում մեր առաքելության նկատմամբ, մենք կանգ չառանք կես-ճանապարհին, անսասան եղանք և հաղթեցինք։ Իսկ այժմ մենք կատարելու ենք կոնկրետ գործողություններ։ Հավատացած եմ, որ բոլորս պետք է այդպես վարվենք, որպեսզի հաղթահարենք մարդկության առաջ այսօր ծառացած մարտահրավերները և հասնենք Կայուն զարգացման նպատակներին։ Մարդկությանը հենց դա է անհրաժեշտ աղքատությունը, սովը և թերսնուցման բոլոր ձևերը վերացնելու համար, բոլորի համար անվտանգ և մատչելի խմելու ջուր ապահովելու, հիվանդությունների դեմ պայքարելու և առողջությունը և բարօրությունը երաշխավորելու, ներառական և որակյալ կրթություն կազմակերպելու, մաքուր էներգիայի աղբյուրների՝ արևի, քամու և ջերմային էներգիայի մեջ ներդրումներ անելու, կլիմայի փոփոխություններով պայմանավորված աղետների ռիսկերը նվազագույնի հասցնելու, կանանց համար հավասար իրավունքներ երաշխավորելու, եկամտային անհավասարությունը զգալիորեն նվազեցնելու, բռնության բոլոր ձևերը բացառելու և այլ նպատակներ իրագործելու համար։ Հավատ տածելով մեր առաքելության նկատմամբ, ունենալով հստակ տեսլական, ուժեղ կամք և իհարկե գլոբալ համագործակցություն և տարածաշրջանային գործընկերություն, մենք կհաղթենք այս ճակատամարտը։

Ոչ բռնի ժողովրդավար հեղափոխությունը Հայաստանում նոր հնարավորություններ է բացահայտել և հույսի նոր զգացում ներշնչել, որը կօգնի արագացնել մեր կողմից ԿԶՆ-ների իրագործումը։ ՄԱԿ-ի և ԿԶՆ շրջանակի համաձայն, արագացուցիչ է համարվում այն միջամտությունը, որը վերացնում է ԿԶՆ-ների իրագործման ճանապարհին առկա խոչընդոտները և համակարգային արգելքները։ Այս իմաստով, հեղափոխությունը մեզ համար ԿԶՆ լավագույն արագացուցիչն է. այն վերացրել է կայուն զարգացման ճանապարհին առկա լրջագույն խոչընդոտը՝ քաղաքական կամքի բացակայությունը։

Այժմ՝ մի քանի խոսք Հայաստանի կամավոր ազգային զեկույցի վերաբերյալ։ Այն ներառում է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ-ների) իրագործման հիմքում ընկած կարևորագույն հանգամանքները և գործոնները, ինչպես նաև երկրի քաղաքականության և կատարողականի վեց ամիս տևած մանրակրկիտ ուսումնասիրության և բազմաշահակից մասնակցային քննարկումների գործընթացը և հիմնական եզրահանգումները։

Զեկույցի սկզբում ընդհանուր տեղեկություններ են ներկայացվում Հայաստանի վերջին շրջանի տնտեսական, սոցիալական և քաղաքական զարգացումների վերաբերյալ, որը թույլ է տալիս պատկերացնել այն համատեքստը, որի շրջանակում կազմվել է կամավոր ազգային զեկույցը։ Քննարկումը հիմնվում է Հայաստանում ԿԶՆ-ների ազգայնացման փորձի վրա, որը ներկայումս ընթացքի մեջ է՝ համապետական մասնակցային գործընթացով։ Ներկայացվում են ԿԶՆ-ների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ հավուր պատշաճի ուսումնասիրելով Հայաստանում կամավոր ազգային զեկույցի նշանակությունը և գործընթացի առանձնահատկությունները։

Կամավոր ազգային զեկույցը Հայաստանում, ինչպես մի շարք այլ պետություններում, կազմվել է համալիր գործընթացի արդյունքում, որը ներառել է փոխկապակցված մի շարք աշխատանքներ, որոնք կարող են խմբավորվել հետևյալ կերպ. (i) քաղաքականության ուղղությամբ տարվող աշխատանքներ, (ii) տվյալների ուղղությամբ տարվող աշխատանքներ, (iii) ինստիտուցիոնալ աշխատանքներ, և (iv) երկխոսության աշխատանքներ։

Զեկույցում դիտարկվել է ազգային ռազմավարության հայեցակարգը՝ ներառյալ ոլորտային ռազմավարությունները և քաղաքականությունները, ինչպես նաև դրա կապը ԿԶՆ-ների հետ, մասնավորապես՝ կայուն զարգացման երեք չափումների՝ տնտեսականի, սոցիալականի և բնապահպանականի ընդգրկումը։ Ռազմավարության իրականացմանն օժանդակելու է ինստիտուցիոնալ այն համակարգը, որով առաջնորդվելու է ԿԶՆ-ների ազգայնացման և ԿԶՆ-ների իրականացման աշխատանքը։ Հայաստանն այս նպատակի համար հատուկ ինստիտուցիոնալ համակարգ է ձևավորել, որը ներառում է Հետ-2015 աշխատանքային խումբը, Կայուն զարգացման ազգային խորհուրդը, ԿԶՆ-ների ազգայնացման միջգերատեսչական աշխատանքային խումբը և ԿԶՆ նորարարության ազգային լաբորատորիան։


Մանրամասնորեն վերլուծված են կամավոր ազգային զեկույցի հիմնական եզրահանգումներն Հայաստանում ԿԶՆ-ների իրագործման մասով՝ ներառյալ այն ոլորտները, որոնցում առկա է առաջընթաց, մտահոգիչ ոլորտները, հաջողված փորձի օրինակները, նորարարությունները և լուծումների հնարավորությունները։ Առանձնակի ուշադրության են արժանացել ՄԱԿ-ի կայուն զարգացման բարձրաստիճան քաղաքական ֆորումի հիմնական թեմայի մեջ ընդգրկված նպատակները և թիրախները, մասնավորապես՝ «վերափոխումը կայուն և դիմակայուն հասարակությունների»։ Կայուն և դիմակայուն հասարակության վերափոխվելու համար անհրաժեշտ են մոտեցումների, մեխանիզմների և համագործակցության ձևերի փոփոխություններ։ Կառավարության քաղաքականությունից և գործողություններից զատ անհրաժեշտ է հասարակության յուրաքանչյուր անդամի, տնտեսվարողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների իրական և ակտիվ ներգրավումը։

Այն փաստը, որ կամավոր ազգային զեկույցի գործընթացը համընկել է Հայաստանում նոր իշխանության ձևավորման գործընթացի հետ, լուրջ թափ է հաղորդել ԿԶՆ-ների իրագործման ջանքերը բազմապատկելու և ԿԶՆ-ների իրագործումն էլ ավելի արագացնելու նոր ուղիներ փնտրելու համար։ Կամավոր ազգային զեկույցը թույլ է տալիս ավելի հստակորեն պատկերացնել իրավիճակը՝ միևնույն ժամանակ լրացուցիչ հրատապություն հաղորդելով դրան, որն անշուշտ էական դրդապատճառ է մեր ջանքերի արդյունավետությունն էլ ավելի մեծացնելու համար։

Կամավոր ազգային զեկույցը մեր կառավարության համար լավ հնարավորություն է՝ ԿԶՆ-ների շրջանակում կատարված աշխատանքը գնահատելու և «Նոր Հայաստանի» մեր տեսլականն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ նորարար և ազդեցիկ լուծումներ մշակելու համար։ Մեր նպատակն է իրական փոփոխությունների հասնել Հայաստանում, որոնք կերաշխավորեն մեր քաղաքացիների ազատությունը, երջանկությունը և բարեկեցությունը։

Ամփոփելով, ցանկանում եմ վերահաստատել, որ մենք լի ենք վճռականությամբ՝ ի կատար ածելու հնարավորինս հավակնոտ բարեփոխումներ։ Հավատացած ենք, որ միջազգային հանրությունն այս ճանապարհին կլինի մեր կողքին»։

 

Լրահոս

Դիտել ավելին