Կարևոր իրադարձություններ

Հայկական կողմի համար բանակցային գործընթացի առաջնայնություններն են Արցախի կարգավիճակը և անվտանգությունը. Զոհրաբ Մնացականյան

19 Հուլիս, 2018 10:25
 Հայկական կողմի համար բանակցային գործընթացի առաջնայնություններն են Արցախի կարգավիճակը և անվտանգությունը. Զոհրաբ Մնացականյան

Հուլիսի 18-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ:


Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։ 

Ողջունելով Զոհրաբ Մնացականյանին` Անտոնիու Գուտերեշն ընդգծել է, որ տպավորված է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ, դրան հաջորդած փոփոխություններով, և շեշտել, որ ՄԱԿ-ը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի հետագա զարգացմանը` մեր երկրի համար կարևորություն ներկայացնող ասպարեզներում։ ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ՄԱԿ-ի շրջանակներում ծավալվող բազմաբնույթ համագործակցությունը և վերահաստատել մեր երկրի նոր կառավարության մեծ շահագրգռվածությունն էլ ավելի հարստացնելու համատեղ օրակարգը:

 ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին է ներկայացրել Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ նշելով, որ կառավարության առաջնահերթությունները հստակ են․ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա իրականացնել բարեփոխումների գործընթացն արդարադատության, օրենքի գերակայության, սոցիալական և տնտեսական ոլորտում հավասար հնարավորությունների ընձեռման, կառուպցիայի դեմ պայքարի և բոլոր այն ուղղություններով, որոնք ընկած են ՀՀ կառավարության ծրագրի ու գործունեության հիմքում։

Արտահերթ ընտրությունների կազմակերպման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծել է Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունն ընտրությունների պատշաճ կազմակերպման գործում սերտորեն համագործակցելու միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Զարգացման գործակալության հետ։ Անտոնիու Գուտերեշը վերահաստատել է, որ այս առումով ևս Հայաստանը կարող է հիմնվել ՄԱԿ-ի փորձառության ու աջակցության վրա։

Հայաստանի արտգործնախարարը և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։

Անդրադարձ կատարելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանո ներքո հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը՝ նշելով, որ հայկական կողմի համար բանակցային գործընթացի առաջնայնություններն են Արցախի կարգավիճակը և անվտանգությունը:

Բանակցային գործընթացի առաջմղման համար նախարար Մնացականյանը կարևորել է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը, զինադադարի անշեղ պահպանումն ու ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարվելը։

ՀՀ ԱԳ նախարարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանգամանալից քննարկել են ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձել դրանց առավել խորացման ու ընդլայնման ուղղությամբ իրականացվող համատեղ քայլերին:

 
 

Լրահոս

Դիտել ավելին