«Փաստ» օրաթերթը գրում է.
Երևանի ավագանու սպասվելիք արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ մի շարք քաղաքական ուժեր արդեն որոշում են կայացրել: Այդուհանդերձ, կան ուժեր, որոնց դեպքում այդ առումով դեռ հստակություն չկա: «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ զրույցում փորձեցինք պարզել` կուսակցությունը ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշում կայացրե՞լ է, թե՞ ոչ:
Ի պատասխան, Արմեն Մարտիրոսյանը «Փաստ»–ի հետ զրույցում նախ ընդգծեց, որ այս պահի դրությամբ որևէ քննարկում տեղի չի ունեցել:
«Ես այս պահին պաշտոնական տեսակետ չեմ կարող հայտնել: Բայց, այսպես ասեմ, հաշվի առնելով կուսակցականների տրամադրությունները, կարծում եմ, անպայման մասնակցություն կլինի»,– ասաց նա:
Հարցին, թե ե՞րբ են նախատեսում քննարկում անցկացնել, և արդյոք թեկնածուների առումով կա՞ նախնական պատկեր, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց. «Այս պահին որոշում դեռ չկա և, բնականաբար, ոչ էլ ձևաչափի շուրջ է քննարկում եղել, բայց մոտ ժամանակահատվածում մենք այդ քննարկումը կունենանք, որոշումը` ևս: Ընթացակարգը հետևյալն է. նախ` որոշում ես` մասնակցո՞ւմ ես, թե՞ ոչ: Երկրորդ, եթե մասնակցում ես, ապա ինչպիսի՞ն է ցուցակը: Երրորդ` եթե առաջանում է դաշինքային հարաբերություն, այդ դեպքում ո՞ւմ հետ ես գնում դաշինքի և ինչպիսին է թեկնածուների հերթականությունը: Ընթացակարգի առաջին կետը դեռևս չի քննարկվել, ուստի մնացած հարցերի պատասխաններն էլ չեն կարող լինել»:
Արմեն Մարտիրոսյանի հետ զրույցում փորձեցինք մեկնաբանություն ստանալ կուսակցության խոսնակ Գևորգ Ղահրամանյանի գրառման մասին, որը ևս քննադատության էր արժանացել օգտագործված անպարկեշտ ու գռեհիկ բառերի համար: Նա, ըստ էության, անդրադարձել էր առաջին փոխվարչապետի խոսնակ Կարպիս Փաշոյանի աշխատանքից ազատվելու վերաբերյալ սոցցանցերում հնչած կարծիքներին:
Դիտարկմանը, թե ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ կուսակցության խոսնակը նման բառապաշարով է հանդես գալիս, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Եթե իմ տեսած գրառումն է, ապա կարող է մի փոքր կոշտ էր, բայց ես ինչ–որ մեկին ուղղված խիստ վիրավորական ինչ–որ բան չեմ տեսել: Երկրորդը` կուսակցությունում Կարպիս Փաշոյանի հետ կապված հարց չի քննարկվել, ըստ որի` նա կամ որևէ մեկը կուսակցության տեսակետ ներկայացրած լինի, և ես դա մեկնաբանեմ: Երրորդ` ցանկացած անձնավորություն իրավունք ունի իր կարծիքն ունենալու, ինչպես նաև` կրելու այդ կարծիքի պատասխանատվությունը: Բացի այդ, յուրաքանչյուր անձ, ըստ անհրաժեշտության, իրավունք ունի պաշտպանել ինչ– որ գաղափարներ կամ տեսակետներ: Հիմա, եթե Գևորգ Ղահրամանյանի ասածը կուսակցության ծրագրի հետ կապ չունի, եթե Քրեական օրենսգրքի և քաղաքական տրամաբանության հետ անմիջականորեն կապ չունեցող խոսք է, ես ի՞նչ մեկնաբանեմ: Յուրաքանչյուրն ազատ կարծիք ունենալու, այդ թվում նաև Փաշոյանի ասածը պաշտպանելու կամ չպաշտպանելու իրավունք ունի: Այդ պատճառով չեմ կարծում, թե որևէ մեկնաբանության կարիք կա Գևորգ Ղահրամանյանի գրառման մասով»:
Դիտարկմանը, այսինքն` այդ բառապաշարով արտահայտվելու վերաբերյալ խոսնակին որևէ նախազգուշացում չի՞ եղել, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց.
«Եթե կոնկրետ անձի, քաղաքական ուժի կամ ինչ–որ միավորի հասցեին վիրավորանք, հայհոյանք չկա, ի՞նչը զգուշացնենք: Ասեմ` ինչո՞ւ կարծիք ունես: Կարծում եմ` դա ճիշտ չէ: Եթե մենք այդ հարցը չենք քննարկել, և եթե նա կուսակցությունից անջատ կամ հակառակ կարծիք չի հայտնել, ինչի՞ն նկատողություն անեմ»:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում