Կարևոր իրադարձություններ

2018 թվականի առաջին կիսամյակում մայրաքաղաքում գրանցվել է հանցագործության 4632 դեպք, բացահայտվել է 3466-ը

18 Հուլիս, 2018 20:50
2018 թվականի առաջին կիսամյակում մայրաքաղաքում գրանցվել է հանցագործության 4632 դեպք, բացահայտվել է 3466-ը
Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հուլիսի 18-ին տեղի է ունեցել վարչության ծառայությունների և տարածքային մարմինների 2018 թվականի 6 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփում, որին ներկա էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
 
ԻՆչպես տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  հաշվետու զեկույց է ներկայացրել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը: 2018 թվականի առաջին կիսամյակում մայրաքաղաքում գրանցվել է հանցագործության 4632 դեպք, բացահայտվել են 3466-ը:
 
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը իր խոսքում անդրադարձել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատանքին: Նա նշել է, որ կան էական բացթողումներ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:
 
Խոսք է գնացել նաև առանձին հանցատեսակների մասին: Ընդգծվել է, մասնավորապես, նախորդ տարիներին կատարված, անձի կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների, խուլիգանության և մի շարք այլ հանցատեսակների բացահայտման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը: Նշվել է, որ մտահոգիչ է բնակարանային գողությունների թիվը:
 
Վալերիյ Օսիպյանը ընդգծելով կոռուպցիայի բացառման և օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքները, ստորաբաժանումների ղեկավարությանը ցուցումներ է տվել միջոցառումներ ձեռնարկել անձնակազմի կարգապահությունը բարձրացնելու ուղղությամբ, կազմակերպել և պատշաճ անցկացնել ծառայողական պարապմունքները:
 
 
Ոստիկանության պետը նշել է, որ հաջորդ ամփոփմանը, կախված հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունից և մայրաքաղաքում հասարակական կարգի պահպանման որակից, հետևություններ կարվեն ու կկայացվեն համապատասխան որոշումներ:
 
Եվս մեկ անգամ կարևորվել է այս տարի Երևանում նախատեսված արարողակարգային զանգվածային միջոցառումների կազմակերպումն ու անվտանգ անցկացումը, ինչի ընթացքում մեծ անելիք ունի ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը:
 
Ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը հավաստիացրել է, որ հաջորդ ամփոփմանը վարչությունը կունենա հանցագործությունների բացահայտման առավել լավ վիճակագրություն:
Ամփոփման ավարտին հանցագործություն բացահայտելու և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետ Վահրամ Խաչատրյանն ու նույն բաժանմունքի օպերլիազոր Հայկազ Պողոսյանը պարգևատրվել են:
 

Լրահոս

Դիտել ավելին