Կարևոր իրադարձություններ

Տասը տոկոսից ավելի ներառում չպետք է լինի. քննարկում ներառական կրթության վերաբերյալ

18 Հուլիս, 2018 18:10
Տասը տոկոսից ավելի ներառում չպետք է լինի. քննարկում ներառական կրթության վերաբերյալ



Այսօր «ԼուսԷ» հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոնում «Ներառական կրթության զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով քննարկմանը Հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Լուսինե Սարգսյանը ներկայացրեց ներառական կրթության ոլորտի հիմնախնդիրները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների հիման վրա: Նա նշեց, որ հաշմանդամություն ունեցողների երեխաների ծնողները մտահոգվում են, որ եթե երեխաները գնան ներառական կրթություն ունեցող դպրոցներ, կմեկուսանան, չեն կարող ինտեգրվել:

«Հաշմանդամության խնդիր չունեցող երեխաների ծնողները ևս թյուր պատկերացումներ ունեն, թե հաշմանդամություն ունեցող երեխայի դեպքում կտուժի դասապրոցեսը, ինչն էլ ստիպում է այդ ծնողներին չխթանել, չաջակել ներառական կրթությանը: Մտածելակերպի, թյուր պատկերացման խնդիր կա նաև ուսուցիչների կողմից, ինչի պատճառը, կարծում եմ, նվազ իրազեկվածությունն է»,-ասաց նա:Ֆիզիկական միջավայրի մատչելիության խնդրին անդրադառնալով՝ նա ասաց, որ որոշ դպրոցներում հարմարեցումները սահմանափակվում են միայն թեքահարթակների առկայությամբ, այն էլ դպրոցի մուտքի և ելքի համար, մարզերում հարմարեցված տրանսպորտ չկա, ինչպես նաև մասնագետների կարողությունների բարձրացման անհրաժեշտություն կա:


«Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը գտնում է, որ ներառականությունը այլընտրանք չունի և մեր մտածելակերպը, փիլիսոփայությունը պետք է փոխել: «Անընդհատ խոսվում է ինտեգրման մասին, բայց այդ մարդիկ խնդիր չունեն ինտեգրվելու, այդ հասարակությունը և պետությունը խնդիր ունի հավասար ներառական պայմաններ ապահովելու»,-ասաց նա:

Նա ուշադրություն հրավիրեց օգտագործվող տերմինների վրա. «Ես կատեգորիկ դեմ եմ հատուկ դպրոցները փակելուն՝ մինչև չունենանք այլընտրանք. կույր երեխաները ռեալ հնարավորություն ունեն կրթություն ստանալ հատուկ դպրոցում, ինչը մեկուսացնում է երեխային, բայց հետո նրանք համալսարաններ են գնում, ինտեգրվում են և հետագայում ինքնադրսևորում»,-ասաց նա: Արմեն Ալավերդյանը նկատեց, որ թեկուզ ներառական կրթությանն անցած դպրոցներում ոչ մի հարմարեցված սանհանգույց չկա, որպեսզի սայլակով մարդը օգտվի:

Հայաստանի մանկական ասոցիացիայի նախագահ Վարուժան Սեդրակյանը ներառական կրթությունը անհրաժեշտություն համարեց, թեև համաձայն է, որ հատուկ կրթական համակարգը չպետք է վերացնել:

«Այս երեխաները հիմնականում անապահով ընտանիքներից են, միայնակ մայրերի երեխաներ են, ովքեր հատուկ համակարգում սնվում են, կրթություն են ստանում, և հատուկ դպրոցներում վերականգնողական, զարգացման կենտրոններ կան»,-ասաց նա և կարևորեց, որ ծնողը դառնա երեխայի խնամակալը, և նրան պետք է վճարել:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը կարևորեց, որ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխան գնա դպրոց: 

«Մենք այդ երեխայից ենք սովորելու, թե ինչպես իր հետ աշխատել, ինքն է սովորեցնում»,-ասաց նա և նշեց, որ հատուկ դպրոցները բոլորը չեն փակվում, 6-ը մնում են:

Նա հարց բարձրացրեց, թե տեսողական խանգարումներ ունեցող դպրոցում, բրալյան գրերով քանի դասագիրք կա և ասաց, որ ըստ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի՝ քիչ են:

Նա նշեց, որ երբեմն դրա անհրաժեշտությունը չունեցող երեխաներն են գնում հատուկ դպրոց և թվեր ներկայացրեց. Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան՝ տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի տնօրեն Ալեքսան Ահարոնյանն ասաց, որ իրականությանը չեն համապատասխանում:

«Այն բոլոր նորությունները, որոնք գալիս են ՀՀ և ի շահ են երեխաներին, ես երկու ձեռքով կողմ եմ, սակայն ներառական կրթությունը, երբ մտավ ՀՀ, նրանք ոչ թե շենքը կառուցելիս հիմքը, պատերը տանիքը դրեցին, այլ միանգամից տանիքը դրեցին, այդպես շենք չեն կառուցում, ներառական կրթություն չեն տալիս»,-ասաց դպրոցի տնօրենը: Նա հարց բարձրացրեց, թե օրինակ չտեսնող երեխաներին քիմիայի, մաթեմատիկայի բանաձևերը դպրոցներում ովքեր են բացատրելու:

Նա նշեց, որ Լոռու մարզում կա դպրոց, որտեղ սովորում է ընդամենը 200 երեխա, որից 70-ը ներառված երեխաներ են: «Դա օրենքի խախտում է, քանի, որ տասը տոկոսից ավելի ներառում չպետք է լինի, բայց շատ դպրոցի տնօրեններ սարքել են սա բիզնես գիծ, ամեն երեխայի համար հինգ հարյուր հազար է տրվում և տասը երեխայի դեպքում մի միլիոն բյուջեն ավելանում է, բայց այդ երեխայի հետ աշխատող ուսուցչի աշխատավարձը չի ավելանում»,-ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին