Կարևոր իրադարձություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պատրաստ է աջակցել Արցախին. Տիգրան Ավինյան

18 Հուլիս, 2018 13:36
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը  պատրաստ է  աջակցել Արցախին. Տիգրան Ավինյան

Հուլիսի 17-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ: 

Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից։

Պետնախարարն ընդգծել է, որ իր և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգման ոլորտները հիմնականում համընկնում են, և դա լավ հնարավորություն է առավել մեծ թափով փոխգործակցելու կոնկրետ ոլորտային խնդիրների շուրջ: Այնուհետև կողմերը քննարկել են առանձին ոլորտներում իրականացվող ծրագրերն ու առկա խնդիրները:

Գ․ Մարտիրոսյանը ներկայացրել է Արցախում գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը և ԱՀ կառավարության տեսլականը գյուղատնտեսության ինտենսիվացման, հացահատիկի մշակումից այգեգործության անցման ուղղությամբ: Պետնախարարի խոսքով՝ այս ոլորտում խնդիր է մնում բերքը կարկտահարություններից պաշտպանելու թեման:

Փոխվարչապետը նշել է, որ այդ ուղղությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը որոշակի նոր միջոցներ է ձեռնարկում և դրանց իրականացման փուլում կառավարությունը պատրաստ է նաև աջակցել Արցախին:
Խոսելով տնտեսական զարգացման մասին՝ պետնախարարը ընդգծել է, որ բարեգործական ծրագրերն, իհարկե, կարևոր են, սակայն, առաջխաղացման համար գլխավոր շարժիչ ուժը ներդրումներն են: Փոխվարչապետը այս առումով կարևորել է տնտեսական մասնագիտացման և արտահանման ոլորտում արդյունավետ լուծումներ գտնելու հարցերը: Այս համատեքստում Տիգրան Ավինյանը ընդգծել է, որ կառավարության դիրքորոշումը հետևյալն է. յուրաքանչյուր ծրագիր, որ իրականացվում է Հայաստանում, պետք է առավելագույնս ներգրավի և զարգացնի Արցախի տնտեսությունը:

Եվ վերջում, քննարկելով Արցախ այցելելու հնարավորությունը՝ փոխվարչապետը հայտնել է, որ այս տարվա սեպտեմբերին ընդլայնված պատվիրակությամբ կայցելեն Արցախ՝ տեղում քննարկելու յուրաքանչյուր ոլորտի զարգացման հնարավորությունները:
 

Լրահոս

Դիտել ավելին