Կարևոր իրադարձություններ

Չեմ ուզում անդրադառնալ մինչ օրս կատարված հափշտակություններին. Աշոտ Հակոբյանը «Հյուսիս- հարավ» ավտոճանապարհի մասին

18 Հուլիս, 2018 13:08
Չեմ ուզում անդրադառնալ մինչ օրս կատարված հափշտակություններին. Աշոտ Հակոբյանը «Հյուսիս- հարավ» ավտոճանապարհի մասին

Այսօր Թալինում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը խոսեց «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի մասին. «Ճանապարհի կառուցման համար մինչ օրս վարկային համաձայնագրեր են կնքվել Ասիական զարգացման բանկի, Եվրասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի հետ: Կնքվել է շուրջ 480 մլն դոլարի և 60 մլն եվրոյի համաձայնագիր»,- ասաց նա:

Նա նշոց նաև որ, «Հյուսիս-hարավ» ավտոճանապարհի կառուցման վերջնաժամկետը հնարավոր է հստակեցնել միայն ֆինանսավորման հարցը լուծելուց հետո: Ծրագիրը բաղկացած է 5 տրանշից, և այդ ծրագրի միայն 3 տրանշով է, որ այսօր կա ֆինանսավորում: 4-րդ տրանշից մի փոքր հատվածի ֆինանսավորում կա, իսկ 5-րդ տրանշը ֆինանսավորում չունի:

Նախարարը ևս մեկ անգամ շեշտեց, որ ծրագրի ավարտի մասին կարող են խոսել միայն այն ժամանակ, երբ մայրուղու ամբողջ ֆինանսավորման խնդիրը կհամարվի լուծված:

«Ֆինանսավորում դեռևս չունենք ճանապարհի չորս հատվածների վերաբերյալ, ֆինանսավորում չունենք Արտաշատ-Սիսիան հատվածի 175 կմ մասով, չունենք Սիսիան-Քաջարան հատվածի շուրջ 60 կմ հատվածի մասով, չունենք ֆինանսավորում Գյումրիի շրջանցիկ հատվածի 23 կմ-ի և Գյումրի-Բավրա հատվածի 35 կմ-ի համար»,-ասաց նախարարը:

Նա նշեց, որ ծրագրի մեկնարկին նախնական հաշվարկով ասվել է, որ իրականացման համար պահանջվում է 1 մլրդ դոլար, սակայն ակնհայտ է եղել, որ այդ գումարն աճելու է, որովհետև ցանկանում են գրեթե բոլոր հատվածներում առաջին կարգի ճանապարհ ունենալ:

«Եթե սովորական ճանապարհահատվածում 1 կմ արժեքը 3,6 մլն ԱՄՆ դոլար է, ապա բարդ ռելիեֆային հատվածներում այն կազմելու է 12 մլն դոլար։ Թունելի 1 կմ-ի համար պահանջվում է 30 մլն դոլար, իսկ մենք Քաջարանի հատվածում ունենք 24,9 կմ երկարությամբ թունելներ և 18,7 կմ երկարությամբ կամուրջներ»,-ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է միջազգային բարձր ստանդարտներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին