Կարևոր իրադարձություններ

Անսպասելի հայտարարություն Պավլիկ Մանուկյանի կողմից

18 Հուլիս, 2018 12:49
Անսպասելի հայտարարություն Պավլիկ Մանուկյանի կողմից

«Սասնա ծռերի» գործով հերթական դատական նիստում այսօր ամբաստանյալներից ազատամարտիկ Պավել Մանուկյանը, դիմելով դատավոր Մեսրոպ Մակյանին, անսպասելի հայտարարություն արեց, որն անակնկալ էր ոչ միայն մյուս ամբաստանյալների, այլեւ նիստին հետեւող քաղաքացիների համար:

 Նա ասաց. «Բիլյանը եւ Բարսեղյանը մեղադրում են այնպիսի հանցանքների մեջ, որոնց հետ նրանք ոչ մի կապ չունեն: Այս դահլիճում են գտնվում պատահական կրակոց արձակած անձինք, որոնց կալանքը դուք փոխել եք: Պատահական կրակոցից ձեռքից վիրավորված անձը հետագայում մահացավ արյան վարակից(նկատի ունի վիրավորված ոստիկաններից մեկին): Պատահական կրակոցի հեղինակը Էդվարդ Գրիգորյանն է, որի համար հիմա պատժվում է Արմեն Բիլյանը: Մեկ էլ՝ բանկոմատ բացելու խնդիր են ասում: Դրա հեղինակն էլ մեր սիրելի ընկեր Մխիթար Ավետիսյանն է»,-հայտարարեց Պավլիկ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ  Սմբատ Բարսեղյանին երկու, իսկ Բիլյանին՝ մեկ ոստիկանին սպանության մեղադրանք է առաջադրված: Հիշեցնենք նաև, որ ՊՊԾ գնդի գրավման օրը եւ դրան հաջորդած օրերին որոշակի հանգամանքներում զոհվել են ոստիկաններ Յուրի Տեփանոսյանը, Գագիկ Մկրտչյանը եւ Արթուր Վանոյանը:Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի տարածքում բանկոմատի հափշտակության մեղադրանք է առաջադրված խմբի անդամներից մի քանիսին, որոնց թվում Մխիթար Ավետիսյանը չկա:

 Նիստի ընդմիջմանը լրագրողները տեղեկատվությունը ճշտեցին Ավետիսյանի եւ Գրիգորյանի հետ: Հիշեցնենք, որ նրանք վերջերս կալանքից ազատվել են: Մխիթար Ավետիսյանը վստահեցրեց, որ Պավլիկ Մանուկյանի ասածներն իրականությանը չեն համապատասխանում: Նույնը կրկնեց նաեւ Էդվարդ Գրիգորյանը: Պավլիկ Գրիգորյանը նշյալ հայտարարությունն անելիս նաեւ մատնանշել էր, որ ինքը դեմ է կեղծիքին եւ ցանկանում է, որպեսզի արդարություն լինի: 


 

Լրահոս

Դիտել ավելին