Կարևոր իրադարձություններ

Պաշտոնանկ է արվել ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետը. նրա դեմ գործ է հարուցվել. «Հրապարակ»

18 Հուլիս, 2018 09:53
Պաշտոնանկ է արվել ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետը. նրա դեմ գործ է հարուցվել. «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով՝ օրերս պաշտոնանկ է արվել ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը, նրա փոխարեն նշանակվել է տեղակալ Մհեր Խալաթյանը: Այս օրերին տեղի է ունենում հանձնում-ընդունում: Բանն այն է, որ դեռ Վիգեն Սարգսյանի ժամանակ Աշոտ Գրիգորյանի դեմ գործ էին հարուցել, սակայն այն կարճվել էր: Փաշինյանի իշխանության ժամանակ հանձնարարել են գործը վերա­բացել, իսկ վերջինիս էլ՝ զորացրել: 

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին ՊԵԿ քննչական վարչությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՊՆ-ում բացահայտել են չարաշահումներ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ. ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտ­ներում առկա չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին՝ պաշտո­նական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանին՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշ­տոնական փաստաթուղթ կեղծելու համար:

Միաժամա­նակ, դատախազի համաձայնությամբ, ՊԵԿ քննչական վարչության կողմից որոշում է կայացվել ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին: 


Նշենք, որ Աշոտ Գրիգորյանը գնդապետ է, ՀՀ ԶՈՒ համակարգում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ, 2010-ից ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետի պաշտոնում էր»,-գրում է թերթը:

 


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին