Կարևոր իրադարձություններ

Մշակույթի նախարարությունը Արամ Մանուկյանի արձանի տեղադրման վայրը փոխելու առաջարկություն է ներկայացնելու քաղաքապետարան

17 Հուլիս, 2018 20:33
Մշակույթի նախարարությունը Արամ Մանուկյանի արձանի տեղադրման վայրը փոխելու առաջարկություն է ներկայացնելու քաղաքապետարան

ՀՀ մշակույթի նախարարությունը առաջարկություն է ներկայացնելու Երևանի քաղաքապետարան՝ Արամ Մանուկյանի արձանի համար այլընտրանքային վայր ընտրելու համար: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

«Արձանի տեղադրումը տեղի է  ունեցել Մշակույթի նախարարության կարծիքի բացակայության պարագայում: Հավանաբար, իրենք նախապես ենթադրել են, որ նախարարույթունը   չի տա դրական արձագանք, դրա համար չեն դիմել:  Սակայն հիմա ունենք այն, ինչ ունենք: Մենք առաջարկություն ենք  ներկայացնելու Երևանի քաղաքապետարանին՝ արձանի տեղափոխության համար»,-ասաց նախարարը:

Մակունցի կարծիքով՝ արձանի տեղադրման համար այլընտրանքային վայր պետք  է ընտրել: Արձանի տեղադրումը նախօրոք չի համաձայնեցվել լիազոր մարմնի՝ ՀՀ մշակույթի նախարարության հետ։

Նախարարը նշեց նաև՝ նախորդ կառավարությունից մեծ ժառանգություն ունեն, որը դժվարեցնում է  իրենց գործը:

Արամ Մանուկյանի արձանը տեղադրվել է Արամի և Նալբանդյան փողոցներին հարող տարածքում: Արձանի բացման արարողությունն արդեն եղել է, որին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արամ Մանուկյանը եղել է Հայատանի առաջին հանրապետության պետական, հասարակական գործիչ, ներքին գործերի նախարար, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ։ Ղեկավարել է Վանի ինքնապաշտպանությունը, եղել է Վանի նահանգապետ, Հայաստանի հանրապետության կառավարության անդամ։

 

Լրահոս

Դիտել ավելին